«Ազատություն» ռադիոկայան. Բաքվի ռազմական դատարանում այսօր հարցաքննվել է Արցախի երկրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նախկին բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է, ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իր գործունեությանը վերաբերող դատախազների հարցերին»:
«Ազերթաջ»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատաքննությանը նաև 93 թվականի մի տեսագրություն է հրապարակվել, որտեղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է ՝ «Երկրապահների» հետ հանդիպման ընթացքում։ Խոսքը հավանաբար Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի ամիսներ առաջ հրապարակված տեսանյութի մասին է. դրանում Երկրապահի առաջին համագումարում Լևոնի Տեր-Պետրոսյանի ելույթն է։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ տեսանյութում Լևոն Տեր-Պետրոսյանը իբր խոսում է Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մտադրության, նպատակի և պատճառների մասին։ Երկրապահների համագումարին Տեր-Պետրոսյանի հայտարարություններին տարեսկզբին նաև Ադրբեջանի նախագահն էր անդրադարձել՝ Հայաստանի առաջին նախագահին փաստացի մեղադրելով ֆաշիզմի համար։
«Տեսեք Հայաստանի առաջին նախագահի ռասիստական և ֆաշիստական հայտարարությունները։ Դրանք որքան տգեղ են, նույնքան էլ վտանգավոր են։ Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր, պարծենում է ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից վտարմամբ», – նշել է Ալիևը:
Կարդացեք նաև
Իլհամ Ալիևը նաև Տեր-Պետրոսյանի հաջորդած Հայաստանի ղեկավարների էր համարել ֆաշիզմի գաղափարախոսությունը կրողներ՝ սպառնալով՝ այն պետք է ոչնչացվի։ Հայտարարել՝ կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ Ադրբեջանը։ Անդրադառնալով Ալիևի մեղադրանքերին, առաջին նախագահի ղեկավարած կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տարօրինակ էր համարել դրանք։