Պարզաբանում Հայաստանի պատմության թանգարանի բացօթյա պահպանվող հատվածում Էլարից հայտնաբերված ուրարտական արձանագրության շուրջ տարածվող լուսանկարի և լուրերի վերաբերյալ
Հայաստանի պատմության թանգարանում են պահվում թանգարանային առարկայի կարգավիճակ ունեցող բազմաթիվ հուշարձաններ կամ դրանց առանձին հատվածներ, որոնք ժամանակին փրկվել են միայն թանգարան տեղափոխվելու շնորհիվ։ Թանգարանի կարևորագույն առաքելությունն է ոչ թե հուշարձանները խաթարել, կտրել իրենց բնական միջավայրից, այլ փորձել փրկել և պահպանել մեր ժողովրդի պատմության և մշակույթի մասունքները։ Փրկության կարիք ունեցող նման հուշարձաններից էր նաև Էլարից գտնված սեպագիր արձանագրությունը, որն այդ տարածքում պայթեցումների ժամանակ է հայտնաբերվել և թանգարանի աշխատակիցների ու սրտացավ մարդկանց շնորհիվ հայտնվել է թանգարանում։ Արձանագրությունը տեղում մնալու պարագայում ուղղակի վերանալու էր։
Տարիների ընթացքում թանգարանի ետնաբակում ստեղծվել է հատուկ տարածք՝ մեծ կոթողները պահպանելու համար։ Այնտեղ են գտնվում, ի թիվս խնդրո առարկա արձանագրության, նաև մի քանի այլ կոթողներ, ինչպես նաև նախկինում ցուցադրված այլ կոթողների պատճեններ։ Թանգարանը, լինելով հուշարձան շենք, երբեմն ուղղակի հնարավորություն չի ունենում իր բոլոր կոթողները տեղափոխել հատուկ պահոց կամ ցուցադրել, սակայն ներքին բակը ևս համարվում է հատուկ պահպանման հատված։
Վերջին տարիներին թանգարանում անցկացվում են երկարատև վերանորոգման աշխատանքներ, որոնք ընթանում են փուլերով, այժմ առավելապես մշտական ցուցասրահների նորովի վերաբացմամբ, ապա նաև ընդգրկելու են թանգարանի պահպանման և աշխատանքային տարածքները։
Ինչ վերաբերում է արձանագրությունը բաց երկնքի տակ պահելու հանգամանքին, պետք է նշել, որ նման հուշարձանները, ինչպես նաև կուռքերը կամ այլ կոթողներ, սովորաբար հենց բաց երկնքի տակ են դրված լինում, դա, այսպես ասած, նրանց բնական միջավայրն է։ Այդ թանգարանային առարկաներին որևէ վտանգ չի սպառնում դրանից, իսկ բակում կայանող ավտոմեքենաներն այդքան էլ մոտ չեն կոթողներին, ինչպես համացանցում տարածված լուսանկարում կարող է թվալ, ավելին, այդ կոթողի վերին մասում է միայն արձանագրության հատվածը և ամբողջ մյուս հատվածն ուղղակի ժայռաբեկոր է, որի մասով էլ այն դրված է թանգարան բերելու ժամանակներից, խորհրդային տարիներից։
Քննարկվող արձանագրությունը, որը հայտնաբերվել է Էլարից (ներկայում ք. Աբովյանի տարածք) գտնվել է Մ. Սմբատյանցի կողմից մոտավորապես 1863 թվականին, ավելի ուշ փաստագրվել և էստամպաժը վերցրել է Մ. Նիկոլսկին։
Կարդացեք նաև
Ցավոք, Աբովյան—Հրազդան ճանապարհի կառուցման ժամանակ ժայռը, որի վրա գտնվում էր արձանագրությունը (մինչև 1968 թվականը (կոնկրետ ժամկետը չի արձանագրվել)) պայթեցվել է և այս կարևոր արձանագրությունից երկու բեկոր տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան։
Մեծ բեկորը (բարձրությունը՝ 126 սմ, լայնությունը՝ 106 սմ, խորությունը՝ 90 սմ) տեղափոխման ժամանակներից գտնվում է թանգարանի բակում։ Այն, ըստ գործող ընթացակարգերի, մշտապես հասանելի է եղել մասնագետների և հետազոտողների համար։
Մյուս՝ փոքր բեկորը (բարձրությունը՝ 38 սմ, լայնությունը՝ 38 սմ, խորությունը՝ 28 սմ), գտնվում է թանգարանի ֆոնդապահոցում։ Ցավոք՝ արձանագրության մյուս բեկորները տեղում չեն հայտնաբերվել։
Ի սկզբանե քաղաքացի Դավիթ Վարդազարյանը դիմել էր թանգարանին ստանալու մի քանի տեղեկություն։ Հայաստանի պատմության թանգարանն, ըստ կարգի, սիրահոժար իրականացրել է սպասարկումը, տրամադրելով ամբողջ հայտնի տեղեկությունը, լրացուցիչ նշելով նաև այն գիտական աղբյուրներից մի քանիսը, որտեղ հրատարակվել է այս արձանագրությունը։
Ողջունելով քաղաքացու՝թանգարանային առարկայի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքը, հավելենք, որ ոչ հուշարձանը և ոչ առավել ևս արձանագրության պահպանված բեկորը մոռացված ու կորսված չեն ու չեն եղել, ինչպես իր տեքստում նշվում է, այն հետազոտողների ուշադրության կենտրոնում է եղել թե խորհրդային տարիներին, թե դրանից հետո. վերջին հրատարակությունը հնագետներ Ռոբերտո Դանի և Արթուր Պետրոսյանի հոդվածն է, հեղինակավոր Brill հրատարակչության Իրան և Կովկաս հանդեսում՝ 2023 թվականին (տես՝ Dan R., Petrosyan A., Some Remarks on the Urartian Toponym Dara(ni) and Its Possible Identification with the Site of Solak-1/Varsak in Kotayk Region, Armenia, Iran and the Caucasus, 27, Brill, 2023, p. 231–248):
Թանգարանը միշտ աջակցել է թե վերոնշյալ հրատարակությանը, թե այլ հետազոտողներին։
Հայաստանի պատմության թանգարանում պահվող բոլոր հավաքածուներն են կարևոր և ուշագրավ, այդ թվում նաև այլ ուրարտական արձանագիր արժեքներ, որոնց հավանաբար քաղաքացին այդքան էլ լավ ծանոթ չէ. մի շարք արձանագրություններ տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ, մի զգալի մասն էլ պահոցներում է, որոնք նախատեսվում է հատուկ մեկ ժողովածուում հրատարակել առաջիկա տարիներին։
Քաղաքացու առաջարկը, տեղադրել կոթողը իր նախնական տեղում, վտանգավոր է հուշարձանի հետագա պահպանության տեսանկյունից և կարող է հանգեցնել վերջնական ոչնչացման և չունի մասնագիտական որևէ մոտեցում, բացի այդ իրեն անձամբ է ասվել, որ ներկա ցուցադրական հատվածներում դա հնարավոր չէ, հաշվի առնելով ժայռաբեկորի ծավալը և այլ տեխնիկական ու ցուցադրական խնդիրներ, որոնց քաղաքացին չի տիրապետում։
Ինչ վերաբերում է թանգարանի բակում՝ բացօթյա լինելուն, աշխարհի շատ թանգարաններում կա նման պրակտիկա։
Ավելին, թանգարանի տնօրենը ընդառաջ գնալով քաղաքացու կողմից իրեն ուղղված առաջարկներին, հանդիպել է և մի քանի ժամ խոսել նրան հետաքրքրող խնդիրների շուրջ։ Ցավում ենք, որ քաղաքացին փորձ է կատարում այլ կերպ մեկնաբանել և ըստ իր ցանկության ներկայացնել հանդիպման մանրամասները։
Տարածված տեքստում առկա են իրականությանը չհամապատասխանող, հաճախ ոչ պատշաճ, թանգարանի տնօրինությանը և անձնակազմին վիրավորող արտահայտություններ, որոնք չենք խրախուսում տարածել, քանի որ անհիմն են և ոչ արդարացի։ Միաժամանակ վստահեցնում ենք, որ Հայաստանի պատմության թանգարանում որևէ ցուցանմուշ վտանգված չէ և գտնվում է մշտական վերահսկողության ներքո, թանգարանն այս աշխատանքներում համագործակցում է նաև մասնագիտացված կառույցների և գործընկերների հետ՝ հետևելով բոլոր ընթացակարգերին։