Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ պաշտոնյան պնդում է՝ միֆ է, թե ՀՀ-ում անչափահասների շրջանում ապօրինի թմրամիջոցների շրջանառությունը մեծ ծավալների է հասնում

Մայիս 20,2025 13:25

2024-ին ՀՀ իրավապահների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3639 դեպք, 2023 թվականի 5070 դեպքի փոխարեն: Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Հովհաննես Համբարյան

Ըստ նրա՝ նշված հանցագործությունների 1910 դեպքը վերաբերել են թմրամիջոցների իրացմանը, 2023 թվականին այդպիսի դեպքերը կազմել են 2802:

Համբարյանը նկատեց, որ ի տարբերություն 2023-ի՝ 2024-ին ավելացել են թմրամիջոցների մաքսանենգությանն ուղղված բացահայտումները: 2023- ին բացահայտված 210 դեպքի փոխարեն, 2024-ին բացահայտվել է 444 դեպք:

Համբարյանի տվյալներով՝ 2024-ին ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով 1228 անձ է պատասխանատվության ենթարկվել, որոնցից 7-ն է եղել անչափահաս. «Ինչը ակնհայտորեն ցույց է տալիս նշված ոլորտում անչափահասների ցածր ներգրավվածության մասին: Հասարակության մեջ մտած այն կարծիքը , որ անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շատ մեծ ծավալների է հասնում , ցայտուն արտահայտված է այս թվերի մեջ»:

Նա նաեւ հայտնեց, որ նշված ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվության է ենթարկվել 40 կին, 62 օտարերկրացի, 18-24 տարեկան 138 անձ, 25-29 տարեկան 182 անձ:

Էդգար Պետրոսյան

ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանն էլ ասաց, որ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ռազմավարական փաստաթղթի նախագիծ է մշակվել: Ըստ նրա՝ կանխարգելումը ռազմավարական առումով կարելի է ոչ միայն պետական ռեսուրսներով, այլեւ հանրային ակտիվության ու անտարբերության բացառմամբ:

Նրա խոսքով, սահմանվել են որոշակի իրեր, որոնք արգելված են անչափահասներին ձեռք բերել, տանել հետները կրթական հաստատություններ:

ՆԳՆ պաշտոնյայի խոսքով՝ այդ արգելված իրերը մոնիտորինգի ենթարկելու ու հայտնաբերելու կարգն էլ է սահմանված: Կրթական հաստատություններում կառավարության որոշմամբ հատուկ ընթացակարգ է սահմանվելու, որով այդ իրերը ու առարկաները, այդ թվում՝ թմրամիջոցները կհայտնաբերվեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031