Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ քաղաքացին ապահով կանգնած է քվեախցիկի հետեւում, կարող է եւ նկարել, եւ օնլայն ռեժիմով շփվել իր տասովշիկի հետ»․ Աղազարյանի եւ Ասլանյանի նախագիծը մերժվեց

Մայիս 20,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն առաջարկում են ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացն ավելի թափանցիկ դարձնել, բայց իշխանությունների համար անընդունելի են նրանց առաջարկությունները։

Աղազարյանի եւ Ասլանյանի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը քննարկվեց այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ավելի վաղ, այս նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել։ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը եւս բացասական էր, եւ Հովիկ Աղազարյանն այսօրվա քննարկման վերջում ասաց, որ ստեղծված իրավիճակում ինքը հետ է կանչում նախագիծը։

Նախագծով նախատեսվում է Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում «հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով:

Հովիկ Աղազարյանը մանրամասնեց, թե ինչի մասին է իրենց նախագիծը։ Նա ասաց, որ տասնամյակներ շարունակ՝ մինչեւ 2018 թվականը, համապետական ընտրությունների անցկացման ժամանակ ականատես ենք եղել աննախադեպ կեղծիքների։ «Եվ այդ կեղծիքների մեջ ամենակարեւոր տեղը զբաղեցրել է ընտրակաշառքը՝ ընտրակեղծարարության կոնտեքստում։ Դա շատ վտանգավոր հետեւանքներ է ունեցել, եւ հազիվհազ մենք թոթափում ենք դրա հետեւանքները։ Ընտրակաշառքն այն ժամանակ պայմանավորված էր հետեւյալ հանգամանքով՝ երբ թաղային հեղինակությունները, այս կամ այն ուժերը մոտենում էին քաղաքացուն, համոզում էին, որ ձայնը տան իրենց նախընտրելի ուժին։ Շատ քաղաքացիներ, որպեսզի իրենցից ձեռք քաշեին, ասում էին՝ հա, ձայնը կտանք։ Բայց մտածում էին, որ կգնան ու կքվեարկեն ըստ իրենց խղճի։ Այնուհետեւ այդ նույն անձնավորություններն այդ ամեն ինչ համեմել էին գումարային հավելվածով, եւ շատ քաղաքացիներ չէին կարող հրաժարվել այդ գումարից։ Բայց մտածում էին, որ կգնան ու քվեարկեն իրենց խղճով։ Եվ հարցը հասնում էր վերահսկողությանը, տարբեր մեխանիզմներով այդ տասովշիկները հետամուտ էին լինում, որ այդ ամեն ինչը հասներ իր տրամաբանական նպատակին։

Հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումն էին արդար եւ ազատ ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ դա վտանգված է, որովհետեւ ժամանակակից տեխնոլոգիաների առումով շատ հեշտ է այդ հետագծելիությունն ապահովել ընդամենը մի հասարակ հեռախոս ունենալով՝ տեսանկարահանել կամ լուսանկարահանել այդ պրոցեսը։ Առաջարկության իմաստը կայանում է հետեւյալում, որ քվեախցիկը տեղադրվի ոչ թե այնպես, ինչպես մինչեւ հիմա տեղադրված է, այլ հակառակը տեղադրվի։ Եվ քվեարկողը երեւա վստահված անձանց կամ հանձնաժողովի անդամների կողմից, այսինքն՝ թափանցիկ երեւում է, որ այդ մարդը ոչ մի բան չի կարող անել, չի կարող նկարել, որովհետեւ արդեն ունենք օրենքում, որ դա քրեորեն պատժելի է»,- ասաց Աղազարյանը։

ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասաց, որ միայն քվեախուցը թեքելով՝ հարցին հնարավոր չէ լուծում տալ։ «Ընդհակառակը, դա կարող է հանգեցնել նրան, որ բաց քվեարկություն ավելի շատ իրականացվի։ Այնպես որ, մենք քվեախցերը թեքելով՝ ավելի վտանգավոր հարց ենք լուծում, քան գործող կարգավորման դեպքում է»,- նշեց նա։

Հովիկ Աղազարյանն ասաց․ «Երբ քաղաքացին ապահով կանգնած է քվեախցիկի հետեւում, կարող է եւ տեսանկարահանել, եւ նկարել, նույնիսկ օնլայն ռեժիմով շփվել իր այսպես կոչված տասովշիկի հետ»։

Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ անձի քվեարկության մասնակցությունը պետք է լինի թափանցիկ, բայց նրա քվեն չպետք է լինի տեսանելի։ «Այս նախագիծը զուրկ է հիմնավորումներից, պարունակում է դրույթներ, որոնք կարող են ազդել քվեարկության գաղտնիության վրա։ Եվ քվեարկության գաղտնիության վրա ազդելու հենքով դրանք պետք է դիտարկվեն ոչ սահմանադրական։ Ես առնվազն պետք է կոչ անեմ իմ գործընկերներին դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վարդանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031