ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Եւ վերջապես հասանք ամենակարևորին։
Լևոն Զուրաբյանը բացահայտում է, որ 1993 թվականին Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով առաջարկել է Հայաստանին ԼՂԻՄ-ից դուրս գրավված շրջաններից մեկը վերադարձնել Ադրբեջանին, քանի որ այնտեղ իշխանության է եկել Հեյդար Ալիևը, և վերջինս ԱՊՀ է վերադարձրել Ադրբեջանին։ Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների դիմաց խրախուսել Ղարաբաղով։ Ինչ ծանոթ է հնչում։ Լևոն Զուրաբյանը շարունակում է պատմել, որ Հայաստանի մերժումից հետո Ռուսաստանը սառեցնում է Հայաստանի ֆինանսական հաշիվները և լուրջ օգնություն տալիս Ադրբեջանին։
Հիշեցնեմ, որ Լևոն Զուրաբյանը սա բացահայտում է մի բանախոսության ժամանակ, որը սկսել էր նրանով, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժումից ի վեր որևէ «բուն հայկական օրակարգ» չի եղել։ Ես առաջարկում եմ, որ Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ շարունակեն բացահայտել, թե ինչ կապ է ստեղծվել «բուն հայկական օրակարգ» Ղարաբաղի հարցի և Ռուսաստանի շուրջ/հետ զանազան կազմակերպությունների, պայմանագրերի միջև։
Կարդացեք նաև
Նույնիսկ մինչև կազմակերպություններն ու պայմանագրերը, Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե Հարավային Կովկասում տեղակայված խորհրդային զենքի շուրջ Հայաստանը ինչպես է պայմանավորվել Ռուսաստանի հետ։
Կարող ենք սկսել հետևյալից․ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի 1992 թվականի հունիսի 19-ի մի հոդվածի մեջ գրված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի նախագահին ասել է, որ վարկածներից մեկը, թե ինչու է ռուսական բանակը Ադրբեջանին օգնում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում այն է, որ դա «Մոսկվայի որոշակի քաղաքական շրջանակների կողմից հրահրված ծրագիր է»։
Ինչի՞ց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցրեց Արևմուտքում բողոքել Ռուսաստանից և ի՞նչ գնով լուծեց զենքի խնդիրը։