ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Վարդան Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ անցած տարեսկզբին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկերների հետ բարձրացնում էինք մեր ձայնը՝ Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար՝ պաստառների տեսքով, դրանք հաշված ժամեր անց վերանում էին Երևանի տարբեր փողոցների վերնանցումներից՝ ոստիկանության միջամտությամբ։
Երբ սահմանազատման վտանգավոր գործընթացին ընդդիմանալով՝ մայրաքաղաքի փողոցներում տեղադրում էինք և՛ պաստառներ, և՛ «սահմանազատման սյուներ», կրկին նույն ձեռքը՝ նույն արագությամբ, հեռացնում էր դրանք՝ կարծես սարսափելով մեր հիշեցումներից։
Կարդացեք նաև
Եվ այսօր, երբ Սրբազան պայքարի համակիրները Երևանի տարբեր հատվածներում փակցնում էին բողոքի պաստառներ, նույն պատկերը կրկնվեց։ Բողոքի պաստառները անհետացան՝ պետական մեքենայի սլացքով։
Բայց արի ու տես, որ երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում Երևանի կենտրոնական փողոցներում՝ պարեկների աչքի առաջ, պարզվում են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառներ, անգամ ԱԹՍ-ով նկարահանվում է այդ պաստառներից մեկը Կիևյան կամրջից՝ իշխանության ուժային թևը մնում է ապշեցուցիչ, բայց սովորականին հակառակ լուռ։
Ի՞նչ է փոխվել։ Արձագա՞նք, սկզբունքնե՞ր, թե՞ ուղղակի հանել-չհանելու պատվիրատուն։
Պաստառներով ակցիայի հեղինակն է ՔՊ-ի արբանյակ համարվող «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որի ղեկավար Արման Բաբաջանյանը պաստառ է պարզել նաև ՌԴ դեսպանատան առջև։
Այս ֆոնին անխուսափելի է հարցը՝
Ոստիկանությո՞ւնն է օրվա իշխանության ենթակայացած կառույցը, թե՞ Բաբաջանյանն ու իր կուսակցությունը վայելում են հատուկ անպատժելիություն։
P.S. Վերջին հարցը՝ հռետորական։