«Իրանը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության», – ինչպես հայտնում է IRNA-ն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն։
Նա տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը:
Գեներալ Ազիզ Նասիրզադեն ընդգծել է՝ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ազգերի միջև պատմական հաղորդակցման ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։
Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ բրիգադի գեներալ Նասիրզադեն նաև ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և ասել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ:
Կարդացեք նաև
Գեներալի խոսքով՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա:
ԻԻՀ պաշտպանության նախարարի կարծիքով Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։