Գագիկ Տեր-Ղազարյանի գիտական հոդվածը «Gravitation and Cosmology» ամսագրում
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2022, Vol. 28, No. 2, pp. 186–195), որում հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես մնում է փոքր «վակուումում լույսի տարածման» արագությունից:
Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Նա հաշվել է նաև ֆիզիկական մեծ կարևորություն ունեցող մեկ այլ բնութագրիչը՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմինների շարժման մեջ ներառվելու չափաբաժինը:
«Աստղագիտության համար հիմնարար վերոնշյալ խնդիրը միայն մասնավոր դեպքն է ֆիզիկայում գոյություն ունեցող՝ կորագիծ տարածություններում մարմինների «հարաբերական արագությունը» հաշվելու ընդհանուր, առավել բարդ, «դասական» խնդրի։ Դա 1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն խնդիր էր մնում Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ:
💡Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023թ.-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար,- ասաց Գագիկ Տեր- Ղազարյանը։ Այս մասին նա գիտական հոդված է տպագրել «Gravitation and Cosmology» ամսագրում` «Coordinate-Independent Definition of Relative Velocity in Pseudo-Riemannian Space-Time: Implications for Special Cases» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2023, Vol. 29, No. 1, pp. 62–73)։
Բյուրականի աստղադիտարան
Կարդացեք նաև