Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ բաց դաս-հանդիպում դրամատուրգ, հեքիաթագիր, թատրոնի և կինոյի դերասան Էլֆիք Զոհրաբյանի հետ: Այս մասին տեղեկացանք դրամատուրգի ֆեյսբուքյան էջից, որտեղ զետեղված էր նաև դասը նախաձեռնողի՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանի գրառումը:
«Այս անգամ մեր հյուրն էր Մարկ Տվենի անվան միջազգային և այլ մրցանակների դափնեկիր, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ, դերասան, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը: Վաղուց պլանավորված այս հանդիպումը չէր կայանում մեր հյուրի գերզբաղվածության պատճառով: Վերջապես կայացրինք: Անչափ ուրախալի էր, որ բաց դաս-հանդիպմանը ներկա էին ուսանողներ սցենարադրամատուրգիական ֆակուլտետի բոլոր կուրսերից, ինչը, պետք է նշել, աննախադեպ էր (կուրսի ղեկավարներ Դավիթ Մուրադյան, Սառա Նալբանդյան, Աստղիկ Սիմոնյան, Լևոն Գալստյան, Անուշ Ասլիբեկյան), շնորհակալ եմ բոլոր կուրսղեկերին:
Է. Զոհրաբյանը ուսանողների հետ կիսվեց իր անցած դրամատուրգիական ճանապարհի փորձով, խոսեց «դրամատուրգի ոճ» հասկացության մասին, արդյո՞ք ռեժիսորը պետք է այդ ոճը պահի, ինչո՞ւ պետք է թատերագիրը կամ սցենարիստը տիրապետի գրական տեխնիկային, դրամայի տեսությանը, քաջատեղյակ լինի Լ. Էգրիի, Է. Բենթլիի, Ու. Դաննի կամ Մակկիի աշխատություններին: Կարևորեց բնագավառի ներկայացուցիչների միասնականությունը, միմյանց հանդեպ հարգանքն ու մասնագիտական բարեհամբույր շփումը։
Կարդացեք նաև
Նաև մի հրաշալի առաջարկ արեց՝ ձևավորել դրամատուրգների «համայնք», համագործակցել միմյանց և ռեժիսորների հետ, իմանալ նաև արդի ազգային ու օտարագիր դրամատուրգիա, չընկճվել, նայել առաջ: Շատ կարևորեց նաև գրական հնարանքները, կերպարի ստեղծման սկզբունքները, կենսափորձը:
Ուսանողները կարդացել էին հեղինակի պիեսները, նրանց հետ մանրամասն ուսումնասիրել էինք մեր դասերի ընթացքում Էլֆիքի Սարոյանական պիեսների թարգմանությունները նաև։ Անհամբեր սպասում ենք նոր հրատարակությանը։ Պատրաստված ուսանողներ են, ինչ խոսք, հետաքրքիր հարցեր ուղղեցին մեր հյուրին: Իսկ լավագույն հարցեր հնչեցնող երկու ուսանող նվեր ստացան Զոհրաբյանի վերջերս լույս տեսած «Դրամայի տեսություն» մեթոդական ուղեցույցը, որը ապագա դրամատուրգների սեղանի գիրքը պետք է դառնա։ Այս հանդիպումը համարում եմ կարևորագույններից մեկը ապագա սցենարիստ֊-դրամատուրգների համար…»:
Է. Զոհրաբյանը, որպես դրամատուրգ, վարպետության դասերի է մասնակցել Գերմանիայում, Վրաստանում, Ռուսաստանում և այլն: Արժանացել է Վ. Սարոյանի անվան միջազգային մրցանակի առաջին տեղ, ինչպես նաև լավագույն դրամատուրգիայի համար տրվող ՀԳՄ մասնագիտական՝ Լևոն Շանթի անվան և այլ մրցանակների:
ԵԹԿՊԻ-ն միակ բուհն է Հայաստանում, որտեղ պատրաստում են պրոֆեսիոնալ դրամատուրգներ ու կինոսցենարիստներ, իսկ նման մասնագետների վարպետության դասերը հարստացնում են ուսանողների իմացությունը, նպաստում ապագա սցենարիստի կամ թատերագրի պրոֆեսիոնալ ձևավորմանը:
Իսկ մեր հարցմանը, թե ի՞նչ տպավորություն ուներ հյուրը ապագա դրամատուրգների ու կինոսցենարիստների հետ հանդիպումից, այսպես պատասխանեց. «Ուրախալի է, որ թատերական մայր բուհում նման կարևոր նախաձեռնություններ է լինում: Այս հերթական դասը նախաձեռնել էր թատերագետ, դրամատուրգ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը: Ինձ թվում էր՝ ուսանողները քիչ կլինեին, առանց այն էլ այս ֆակուլտետի ուսանողները շատ չեն լինում, բայց սխալվեցի: Տարբեր արվեստանոցների հրաշալի ղեկավարների ուսանողներ ներկա էին դաս-հանդիպմանը: Եթե չեմ սխալվում, ներկա էին նաև այս բաժինն ավարտած շրջանավարտներից: Բավականին հետաքրքիր, խորքային հարցեր էին բարձրացնում նրանք: Ուրախալի էր, որ հանդիպմանը ներկա էր նաև բուհի հրաշալի դասախոսներից մեկը՝ Հասմիկ Իսրայելյանը:
Դրամատուրգիայի իմացությունը բաց է մեր երկրում, անգամ մատների վրա հաշված գրականագետներ կան, որ լիարժեք տիրապետում են այս տիրույթին: Անտեսված այս թերությունը չնկատելու է տրվում նաև թատերական աշխարհում… Հենց բուհերից պետք է սկսվի դրամայի մասին տեսական գիտելիքների սերմանումը, իսկ դրամատուրգ-ռեժիսոր համագործակցության մշակույթը պետք է դառնա օրինաչափություն. ապագա բեմադրիչները պետք է իմանան հարգել լավ տեքստը և չզբաղվեն թատերագրական ինքնագործունեությամբ, եթե չես տիրապետում դրամատուրգիայի գրված ու չգրված օրենքներին, տեխնիկային: Ռեժիսորը պետք է ուժեղ պիես ընտրի ու ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում…
Մենք շատ թեմաներ շոշափեցինք. ասելիքը շատ էր: Օրինակ, խոսեցինք նաև մի տարածված երևույթի մասին. որպեսզի թատրոնը «ավել» գումար չտա պրոֆեսիոնալ դրամատուրգին, ոչ-դրամատուրգ ռեժիսորն ինքն է ստանձնում «էժան գնով» գրել պիես կամ հատկապես բեմականացում անել՝ այլանդակելով գրական հենքը, ու հոգ չէ, որ դա կարող է լինել անգամ դասական գրողի ստեղծագործություն:
Այսօր ես նաև պետք է ընդդիմախոսեմ Ա. Ասլիբեկյանի ղեկավարած 3 ուսանողների ավարտական աշխատանքները՝ պիեսները, որոնք գրել են օժտված ուսանողներ: Իհարկե, նրանց ավելի շատ հատուկ է կինոմտածողությունը: Նրանց գործերում գերիշխում է էպիկականությունը, բայց լավ ապագայի հույսեր ներշնչում են: Ռեժիսուրան և դրամատուրգիան կենսափորձ են պահանջում, այդ իսկ պատճառով չենք կարող շատ խիստ դատել սցենարով կամ թատերագրությամբ զբաղվող ուսանողին…»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները և տեսանյութը՝ ԵԹԿՊԻ–ում կայացած հանդիպումից