Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան երկրի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է»․ Սերգեյ Լավրով

Մայիս 21,2025 14:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեր բանակցությունները տեղի են ունենում նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածություններին համահունչ․ այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Իր խոսքի սկզբում Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ մայիսի 9-ին, Մոսկվայում կայացած տոնակատարություններին մասնակցության համար։

Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ․ «Այս տարի լրանում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է»։ ՌԴ ԱԳ նախարարն ասաց՝ Մոսկվան կողմ է երկու երկրների զինվորականների, իրավապահների, անվտանգության ծառայությունների միջեւ սերտ շփումներին՝ նախորդ տարիների հարուստ փորձի վրա։

ՌԴ ԱԳ նախարարի գնահատմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական առեւտրային գործընկերն է, ներդրողը, էներգետիկ ու պարենային անվտանգության հուսալի երաշխավորը․ այս պայմանավորվածությունները լիովին ուժի մեջ են մնում։ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ 1,6 միլիարդ դոլարի է հասել առեւտրաշրջանառությունը։ Առեւտրի 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։

«Համաձայն եմ միջկառավարական հանձնաժողովի ռիթմիկ աշխատանքի բարձր գնահատականի հետ, որը ուղղորդում է ՌԴ եւ Հայաստանի պետական, կառավարական կառույցներին ու բիզնեսին։ Անցյալ տարվա արդյունքները տպավորիչ են։ Դրանցից պետք է ելնել եւ շարժվել փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։ ԵԱՏՄ-ն դառնում է արդյունավետ եւ ինքնաբավ՝ ցուցաբերելով կայունություն, արդյունավետություն համաշխարհային շուկայում տուրբուլենտ իրադարձությունների ֆոնին։ Կարեւոր է թվում նաեւ ԱՊՀ հարթակում փոխգործակցության ընդլայնումը։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանն ակտիվորեն ներգրավվի հեռանկարային գործընթացներում, որոնք ծավալվում են ինչպես ՇՀԿ շրջանակներում, այնպես էլ ԲՐԻԿՍ-ի հովանու տակ»,- ասաց Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտարարեց՝ ՌԴ-ն դեմ չէ, որ արտատարածաշրջանային պետությունները զարգացնեն տարածաշրջանում գտնվող երկրների հետ հարաբերությունները՝ պայմանով, որ նման համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ավելացմանը, աշխարհաքաղաքական խաղերին։ Ասաց՝ ՌԴ-ում բաց են համագործակցելու բոլոր այն պետությունների հետ, որոնք պատրաստ են դա անել առանց թաքնված նպատակների։ Այս համատեքստում ՌԴ-ն կաջակցի Երեւանին եւ Բաքվին՝ եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում ապաշրջափակել տրանսպորտային ուղիները, երկու երկրների սահմանազատման-սահմանագծման գործընթացն ավարտին հասցնելու գործում։

Սերգեյ Լավրովն ընդգծեց «3+3» ձեւաչափի կարեւորությունը, որի շրջանակներում երկու հանդիպում եղել է, երրորդն էլ է պատրաստվում։ Ռուսական կողմը այդ ձեւաչափի եւ հանդիպումների առումով մեծ հույսեր ունի։ Շարքի հաջորդ միջոցառումները, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, կարող են տեղի ունենալ ՀՀ-ում եւ Ադրբեջանում։

Երկու երկրների ԱԳ նախարարների զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման թեման։

Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan and the Minister of Foreign Affairs of Russia Sergey Lavrov gave a joint press conference at the RA Ministry of Foreign Affairs

Արարատ Միրզոյանն էլ իր խոսքում ասաց, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ հիմնված երկու երկրների շահերի եւ առաջնահերթությունների վրա։ Ստորագրվել է ԱԳՆ-ների միջեւ առաջիկա երկու տարիների քաղաքական խորհրդակցությունների պլանը։ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն էլ որակվել է փոխշահավետ։

Նա ասաց՝ վստահ ենք, որ ապաշրջափակման եւ տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման համատեքստում տնտեսական համագործակցության ներուժը կմեծանա։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն է ներկայացրել։ Կողմերը հույս ունեն, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը ոչ հեռու ապագայում կյանքի կկոչվի․ ՀՀ-ն հաստատակամ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։

Քննարկվել են նաեւ Մոսկվայի կողմից միգրացիոն քաղաքականության խստացումները, դրանց արդյունքում մեր հայրենակիցներին հնարավոր խնդիրներից զերծ պահելու հնարավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031