Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և այլոց կողմից առերևույթ հանցանքներ կատարելու մասին հաղորդում
ՀՀ դատախազին,
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին,
ՀՀ ԱԱԾ-ին,
Կարդացեք նաև
ՀՀ ՄԻՊ-ին,
21 մայիսի, 2025 թվական
2025 թվականի մարտի սկզբից Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում գտնվող տարածքում տեղի է ունենում ապօրինի շինարարություն: Ապօրինի շինարարության հետևանքով փորվել և հեռացվել է հողի բերրի շերտը, ահռելի ծավալներով ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ՝ ընդերքը (բազալտային շերտ): Ըստ էության շուրջ երկու ամիս Երևանում շահագործվել է քարի հանք: Այսինքն, տեղի է ունեցել քարի հանքի ապօրինի շահագործում: Սույն շինարարությունն իրականացնում է «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունը, որն ապօրինաբար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ձեռք է բերել շինարարության թույլտվություն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խախտելով շինարարության ոլորտը կարգավորող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը՝ 14.11.2024 թվականին, որոշել է տալ N 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը: Սույն թույլտվության հիմքում է ընկած ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671 Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 18.09.2023 թվականի նախագծման թույլտվությունը: Սույն փաստաթուղթն ու «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված նախագիծը գտնվում են միմյանց հետ բացարձակ հակասության մեջ:
Այս մասին առկա է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմված փաստաթղթեր, որոնցով նշված են նախագծի անհամապատասխանությունը շինարարության ոլորտը կարգավորող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, բացի այդ արդեն փաստացի կատարված աշխատանքներն արձանագրել են, որ շինարարության հետևանքով ստեղծվելու է աննախադեպ վտանգավոր միջավայր առաջնահերթ շինհրապարակի հարևան շենքերի բնակիչների համար, ըստ այդմ նաև երևանցիների համար: Այս պահին մասնավորապես սպառնում է տարանցիկ ճանապարհի, հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման և հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցների կիրառման բացակայության պայմաններն ու ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումները:
Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 18.09.2023 թվականի նախագծման թույլտվությունը (ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671), Նախագծվող շենքի տեղադիրը ներառում է անմիջական հարևանություն` Երևանի Վրացական և Նաիրի Զարյան փողոցների 4 շենքերի և մեկ սեփական տան (Վրացական 2,4,6 և Նաիրի Զարյան 15, 15 ա) անմիջական հարևանություն` 3-5 մետր հեռավորությամբ:
Նախագծով ներկայացված հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման համար շրջանցիկ ճանապարհ նշված է այն տարածքը, որն ըստ նախագծի պետք է լիներ կանաչ գոտի, սակայն այժմ ոչ այդ կանաչ գոտին կա, ոչ էլ այդ կանաչ գոտում ճանապարհ: Նախագծով նշված տարածքն ամբողջությամբ փորված է:
Սույն ապօրինություններին երեկ` 20.05.2025 թվականին, գումարվել է ևս մեկ ապօրինություն` «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունը շինհրապարակն ընդլայնելու աշխատանք է իրականացնում` դուրս է եկել նախագծով և սեփականության վկայականով սահմանված հողի տարածքից` գրավելով հետիոտնի համար նախատեսված մայթը: Այժմ Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեի հարակից մայթը զավթվում է, կտրվում են այնտեղ գտնվող ծառերը: Շուրջ երկու ամիս առաջ, վերոնշյալ ապօրինի շինարարության առաջին օրերին, շինհրապարակ ելումուտ անող ծանր մեքենաների շարժի պատճառով` 05.03.2025 թվականին, ժամը 08:30-ի սահմաններում վրաերթ էր տեղի ունեցել` վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ՝ 14-ամյա աղջիկ: Ճանապարհի նեղ և բանուկ լինելու պատճառով շտապօգնության մեքենան շուրջ կես ժամ չէր կարողացել մոտենալ վրաերթի ենթարկվածին:
Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության Տիգրան Ավինյանը բարեկամական (քավոր-սանիկ) կապերի մեջ է գտնվում վերոնշյալ շինարարությունն իրականացնողների հետ:
ԱԿՆՀԱՅՏ Է, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված` 14.11.2024 թվականին, N 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության գործունեությունը ստեղծել են աննախադեպ վտանգավոր պայմաններ երևանցիների համար:
Ուստի հաղորդման մեջ նշված գործողություններին` արարքներին, ողջամտորեն առնվազն պետք է տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ գլխի` 441-րդ հոդվածով, 442-րդ հոդվածով, 445-րդ հոդվածով և 448-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքներին համապատասխան նախնական իրավական գնահատական, ուստի պահանջում եմ` անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ և որոշում կայացնել հանրային քրեական հետապնդում հարուցել՝ Տիգրան Ավինյանի և վերոնշյալ ապօրինի շինարարությունը հովանավորող այլ անձանց նկատմամբ:
Հաղորդում ներկայացնող`
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն