Կոնյակ արտահանող ընկերությունների ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել իրենց դժգոհությունները կոնյակի արտահանման հարցով։ Նրանք այսօր դարձյալ բողոքի ցույց անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց:
Նշենք, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տեղափոխվող հայկական կոնյակով բեռնված մեքենաները Վրաստանի տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, եւ անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։ Կոնյակագործներն ասում են, որ իրենց բեռները 40 օր, որոշ դեպքերում՝ մինչեւ 2 ամիս է՝ կանգնած են Վրաստանի տարածքում, չնայած լաբորատոր փորձաքննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել։ Այսօր նրանք հայտարարեցին, որ որոշ ընկերություններ արդեն դադարեցրել են իրենց աշխատանքը, հարյուրավոր աշխատակիցներ ուղարկվել են հարկադիր պարապուրդի։ Վրացական կողմի այս գործողությունները կոնյակագործներն անհասկանալի են համարում։
Կարդացեք նաև
Պռոշյանի կոնյակի գործարանի ներկայացուցիչն ասաց, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, բայց Վրաստանի հայկական կոնյակից նմուշառում են վերցրել։ «Նմուշառումից հետո նշել են, որ ապրանքը ստանդարտներին համապատասխան է, այսինքն՝ օրենքի խախտում տեղի չի ունեցել։ Բայց իրենք անժամկետ՝ 40 օր եւ ավելի պահել են այդ բեռնատարները Վրաստանի սահմանին։ Ինչքան մենք տեղյակ ենք՝ իրենք իրավունք չունեին նմուշառում իրականացնել։ Հիմա մեր հարցն այն է, թե օրենքի մեջ ինչո՞ւ չեք սահմանել մի կետ, թե նմուշառումից քանի՞ օր հետո պետք է բաց թողնել բեռնատարը։ Այդ պատասխանին ենք սպասում, բայց չկա։ Այսինքն՝ նմուշառում են վերցրել եւ անժամկետ պահել են բեռնատարները, ինչի հետեւանքով գործարանը տուժում է։ Այսպիսի մի վարկած կա, որ Ադրբեջանի համար են ճանապարհ բացում, որպեսզի իրենց անորակ ու էժան ապրանքն արտահանեն այլ երկրներ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մի քանի օր է՝ արդեն մեր գործարանը չի աշխատում, իսկ վարչապետն ասում է՝ հարկերն ու տուրքերը մուծեք, ո՞նց մուծենք»,- դժգոհեց կոնյակագործներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ այս խնդիրն արդեն մեկ ամսից ավելի լուծում չի ստանում։ Ըստ Մակարյանի՝ այն, ինչ տեղի է ունենում վրացական կողմում, բացարձակ հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, որպես տարանցիկ բեռներ՝ դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեն Վրաստանի տարածքով, Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը։ Եվ զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները եւ ՀՀ ներկայացուցիչը ԱՀԿ-ում չեն դիմում եւ դժգոհություն չեն հայտնում։
«Սա այն դեպքն է, երբ պետք է կոնյակագործներին հարգել, որովհետեւ Հայաստանի կոնյակագործությունն ունի դարերի պատմություն, եւ դա Հայաստանի գերակա ճյուղերից մեկն է։ Նաեւ չմոռանանք, որ ընդամենը 4 ամիս հետո խաղողի մթերման ժամանակն է մոտենում, եւ նորից այդ պետական մարմինները պետք է թակեն կոնյակագործների ու գինեգործների դռները, որպեսզի խաղողի մթերում կատարվի։ Եվ այդ դեպքում արդեն իրենք բաց երեսով պետք է կարողանան դա անել»,- ասաց Մակարյանը։
Նա հիշեցրեց, որ Վրաստանի տնտեսությունը գտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության տակ։ «Հետեւաբար, կարծում եմ, որ Վրաստանը փորձում է հաճոյանալ թուրք-ադրբեջանական այդ երկվորյակային զույգին։ Սա ուղղակի տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ»,- ասաց Մակարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանում Վրաստանի դեսպանատանը հանդիպում տեղի ունեցավ կոնյակագործների ներկայացուցիչների հետ, հանդիպումից հետո մասնակիցների մեկը փոխանցեց, թե ինչ են ասել իրենց դեսպանատանը․ «Մեզ ասացին՝ գնացեք Վրաստանում վրացիներին դատի տվեք։ Այս պատասխանը մեզ չի բավարարում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցույցի մասնակիցները կարճ ժամանակով ճանապարհ փակեցին՝ պահանջելով արդարություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Այնուհետեւ ցույցի մասնակիցները որոշեցին երթով գնալ դեպի կառավարություն՝ պահանջելու իրենց հարցերի պատասխանը։ Սակայն քիչ անց հայտնի դարձավ, որ կառավարությունից զանգել են նրանց եւ խոստացել կարճ ժամանակահատվածում իրենց պատասխան տալ։
«Այսօր ավարտում ենք մեր ակցիան, որովհետեւ հենց նոր կառավարությունից մենք պատասխան ստացանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր հարցի լուծումը կկատարվի։ Հուսով ենք՝ մինչեւ վաղը արդեն պատասխանը կունենանք»,- հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ «Ազատություն» ռ/կ-ի