Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հարցում ՌԴ-ին ոչ ոք չի կարող մեղադրել․ Սերգեյ Լավրովը խոսեց նաեւ ռուսական զենքի մասին, որի դիմաց Հայաստանը վճարել է եւ չի ստացել

Մայիս 21,2025 15:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ առաջին ղեկավարներից ոչ ոք, երբեք չէր առաջարկում ԼՂ-ն ճանաչել անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսական զենք՝ վերցնելու համար անվիճարկելի ադրբեջանական 7 շրջանները, այնտեղ ամրաշինական, ռազմական գծեր ստեղծելու համար: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ ՀՀ կողմը չէր պատրաստվում այդ շրջանները փոխանցել Ադրբեջանին»,-Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հայ լրագրողը ռուս դիվանագետին հարցրել էր այն զենքի մասին, որի դիմաց Հայաստանը վճարել է ՌԴ-ին, բայց չի ստացել․ «Դուք եկել եք մի երկիր, որի դեմ և ԼՂ-ի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծաքանակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և օկուպացվել են ՀՀ ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքերի 60 տոկոսը եղել են ՌԴ-ից և Բելառուսից մատակարարվածները։

Բացի այս՝ ՌԴ-ն չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Նաև ՌԴ-ն զենք չի մատակարարել ՀՀ-ին չնայած գումարը վճարվել է։ Չե՞ք կարծում, որ այս պայմաններում բնական է ՀՀ-ի մերձեցումը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ այլ երկրների հետ և ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը»։

Ռուս դիվանագետը հեգնեց՝ Աֆրիկայում, Մոզամբիկում էլ են ռուսական զենքեր օգտագործվում։

Իսկ ինչ վերաբերում է ռուսական զենքին, որը Հայաստան այդպես էլ չի հասել, թեեւ դրա դիմաց վճարել է մեր երկիրը, Սերգեյ Լավրովն ասաց. «Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները փոխանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա»:

Նոր մատակարարումների մասով  էլ ռուս դիվանագետն ասաց, որ մի իրավիճակ է, երբ ստիպված են հերթական անգամ կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որը  «նացիստական կարգախոսների ներքո Զելենսկու ռեժիմն առաջ մղելով կռվում է մեր դեմ»․ «Գործնականում բոլոր եվրոպական երկրներն ունեն զենք, որոնք ժամանակակից են, հասնում են Ուկրաինա և այդ զենքը մեր պատասխանն է պահանջում: Մեր հայ գործընկերները, հուսով ենք, հասկանում են, որ այդ իրավիճակում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամանակին կատարել: Բայց նույնիսկ այդ իրավիճակում նախատեսված բոլոր զենքերը փոխանցվում են, և մենք  կշարունակենք»:

Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ ՌԴ-ում խնդիր չեն տեսնում, որ ՀՀ-ն զենք գնի այլ երկրներից. «Եթե ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա՝ խնդրեմ, այլ երկրի՝ խնդրեմ: Մենք որեւէ բան չենք պարտադրելու: Բայց, իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է ֆրանսիական մատակարարումների վրա, որը գլխավորում է ՌԴ-ի դեմ թշնամական ճամբարը, պարզապես  ատելություն են շնչում ՌԴ-ի նկատմամբ… մեր գործընկերները պետք է որոշեն, թե որտեղի՞ց զենք գնեն»:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցին, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց՝ այդ հարցում ոչ ոք չի կարող իր երկրին մեղադրել, քանի որ թե նախագահ Պուտինը, թե նախագահ Մեդվեդեւը տարիների ընթացքում առաջարկել են լուծում, որն իր համոզմամբ, ապահովելու էր արդար մոտեցում՝ խաղաղ բանակցությունների միջոցով․ «Որպես առաջին փուլ ադրբեջանական 7 շրջաններից վերադարձնել 5-ը,  որպես միջանկյալ փուլ՝ պահպանել Քարվաճառի եւ Լաչինի շրջանները, որոնք շատ ավելի մեծ տարածքներ են, որոնք ՀՀ-ն միացնում են Ղարաբաղին: ԼՂ հարցի կարգավորումը հետաձգվեց երկար տարիներով, կար նաեւ մոտեցում՝ հարցի լուծումը թողնվի սերունդներին: Երեւի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին»։

Լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին էլ հարցրել էր՝ ինչո՞ւ է ջերմ ընդունելության արժանացնում ռուս դիվանագետին։

Արարատ Միրզոյանը նախ ասաց, որ կիսում է ՌԴ գործընկերոջ մոտեցումը, երբեմն որոշ լրագրողներ ոչ թե հարց են տալիս, այլ իրենց քաղաքական գործչի նման են դրսեւորում։ Բայց նաեւ ասաց, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանում է ու այդ ճանապարհին հաճախ են ոչ ականջահաջո դրսեւորումները։

«Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովին ջերմ հյուրընկալելուն՝ ես չեմ պատկերացնում հյուրընկալություն որեւէ այլ կերպ։ Մենք մեր բոլոր գործընկերներին առնվազն որպես տանտեր պարտավոր ենք ջերմ հյուրընկալել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031