Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, սիրելի՛ գործընկեր,
Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Այս այցը, իհարկե, շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, գնահատել, թե մեր վերջին հունվարյան` Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ինչ առաջընթաց ունենք, արձանագրել այդ առաջընթացը, իհարկե, նաև քննարկել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես` հավելյալ ջանքեր գործադրել մեր հարաբերությունների խորացման համար` ի շահ մեր երկրների և մեր երկու երկրների քաղաքացիների:
Պետք է նշեմ, որ այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին և միաժամանակ բավականին կառուցողական, հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Երկուստեք նշել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքական երկխոսությունը` հիմնված համապատասխանաբար երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի և առաջնահերթությունների վրա։
Կարդացեք նաև
Այս համատեքստում նշել ենք, որ ընթացիկ տարին, իհարկե, հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։ Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մոսկվա մայիսի 9-ին։ Այժմ պատիվ ունենք հյուրընկալել արտգործնախարարի պատվիրակությանը, սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոյի և նրա պատվիրակության այցին, տեղի է ունենալու Միջտարածաշրջանային ֆորում։ Նաև հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Հատկանշական է, որ քիչ առաջ ստորագրեցինք երկու արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը 2025-2026 թթ. համար:
Ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, մեր հարաբերություններում ևս տեսանելի են և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները։ Մենք ունենք փոխշահավետ և բավականին հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում։ Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժը ամբողջությամբ չի իրացվում, և մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: Այս համատեքստում, իհարկե, հնարավորություն եմ ունեցել նաև ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հերթական անգամ քննարկել ենք դրա ընձեռող հնարավորությունները։
Իհարկե, այս այցը, անմիջական շփումները լավ հնարավորություն են տալիս նաև քննարկելու զգայուն հարցերը, որոնք հուզում են մեզ, մեր հասարակություններին, և այս տեսանկյունից կարևոր է, օրինակ, միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները, դրանց քննարկումը։ Պետք է, կարծում եմ, ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունը բացասական անդրադարձ չունենա մեր քաղաքացիների գործունեության, մեր բարեկամական կապերի վրա:
Անդրադարձ ենք կատարել նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերի, մասնավորապես` առաջացող խնդիրների պարբերական և ժամանակին հասցեագրման, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու և, թերևս, ես կավելացնեի այդ ջանքերի միջոցով անհարկի, միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությանը:
Հումանիտար համագործակցության ոլորտը ևս բացառություն չի եղել։ Այսօրվա քննարկումների առումով երկուստեք կարևորել ենք Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության հետագա զարգացումը և անդրադարձել ենք այս տարվա վերջին Ռուսաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը։
Նախարար Լավրովի հետ մտքեր ենք փոխանակել նաև բազմակողմ օրակարգի, հնարավոր հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Հարգելի՛ գործընկերներ,
Երկկողմ օրակարգային հարցերին զուգահեռ, բնականաբար, անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին, խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին: Հույս ենք հայտնել, իհարկե, որ այդ համաձայնագրի կնքման, ստորագրման, վավերացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մեր համոզմամբ, սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին և հետաքրքրություններին։
Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, կրկին շնորհակալություն եմ հայտնում այցի և կառուցողական, հանգամանալից ու համապարփակ քննարկման համար:
Հարցուպատասխան
Հարց («Россия 24»)․ Տարածաշրջանային սեմինարի ընթացքում Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ անվտանգության գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ։ Արդյո՞ք մենք պիտի Երևանից այդ հայտարարության ֆոնին ակնկալենք ԱՊՀ երկրների, Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարաում կամ վերաձևակերպում, և հնարավո՞ր է արդյոք, որ Երևանը փնտրելու է նոր ռազմավարական գործընկերներ, օրինակ` Եվրոպայում։
Արարատ Միրզոյան․ Շնորհակալություն հարցի համար։ Դուք մեջբերեցիք իմ երեկվա խոսքերը։ Կարծում եմ` ճիշտ կլիներ նաև փոխանցել ամբողջական համատեքստը։ Ես, իհարկե, խոսում էի, նախ և առաջ, ընդհանրապես աշխարհում տարիներ, տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգային ճարտարապետության մասին և այն մասին, որ վերջին տարիներին առհասարակ մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն այդքան արդյունավետ չի աշխատում: Բայց, իհարկե, նաև խոսում էի մեր մասին: Չեմ ուզում ժխտել, մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում: Մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել կամ կատարելագործել այդ անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է։
Մասնավորապես, անդրադառնալով հարցի այն մասին, թե մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ուզում եմ շատ ուղիղ պատասխանել` ոչ: Մեր պարտավորությունները և իրավունքները և մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են և դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ և ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են: Բայց սա բոլորովին այլ հարց է: Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմները և ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա:
Իհարկե, կա նաև մեր հարաբերությունները բազմակողմ միավորումների շրջանակներում, օրինակ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Այստեղ ևս հայաստանյան կողմի մեկնաբանությունը, գնահատականը գաղտնիք չէ։ Ես այսօր որևէ նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և հայտնի է նաև, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում:
Այստեղ այս պահին գոնե ավելի հեռու գնացող հետևություններ չէի անի, բայց ուզում եմ արձանագրել նաև, համաձայնվելով նախարար Լավրովի հետ, մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են: Այդ քննարկումներն ունեն խնդրահարույց հարցերի կոմպոնենտ, ունեն դրական դինամիկա ունեցող հարցերի կոմպոնենտ, առողջ գործընկերային հարաբերություններ և առողջ գործընկերային քննարկումներ:
(…)
Ինչպես տեսնում եք, ձեր հարցը շատ տարողունակ էր և շատ կարևոր: Այստեղ ներկա երկու արտգործնախարարները ներկայացրեցին իրենց տեսակետները. Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը ներկայացրեց իր ըմբռնումը, ընկալումը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը ներկայացրեց իր ընկալումը: Կան բազմաթիվ երկրներ և ուժային կենտրոններ, որոնք ունեն իրենց ընկալումը և իրենց մեկնաբանությունները, ինչը, կարծում եմ, փաստում է, որ միտքը, որ ես երեկ ասել եմ, և Դուք այսօր մեջբերեցիք, միանգամայն ճշգրիտ է ձևակերպված:
Հարց (Արմենպրես)․ Հարցս ուղղված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին։ 2022 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, թիրախավորվեց Ջերմուկ քաղաքը։ Այս պայմաններում Ռուսաստանը ինչու՞ չարձագանքեց և չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները և գործնականում համարժեք արձագանք չեղավ։
Արարատ Միրզոյան․ Ես թերևս չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությանը։ Ի դեպ, այս հարցը և այս թեման շատ սերտորեն կապված է, և ես կասեի` մաս է նախորդ հարցի։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք` երկու երկրներս, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում և միասնական ընկալում և մեկնաբանություն, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները, և սա հենց այդպիսի հարց է։ Ջերմուկի ուղղությամբ հարձակումն անկյունաքարային է եղել նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման համատեքստում։ Հետևաբար, ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումները և Հայաստանի դիրքորոշումը։
Ես շատ լավ հիշում եմ իրադարձությունները։ Ես ինքս մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, երբ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին` հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով: Հայաստանյան կողմն իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի վերջը, երբ մենք հասկացանք, որ չկա միասնական դրական դիրքորոշում, և ապա արդեն սեպտեմբերին առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանն ուղիղ՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին։
Գործողությունները, որոնք դրանց հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար, և արդեն հաջորդ ամիս` հոկտեմբերին, տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը՝ ստորագրված ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել Ալմա-Աթայի հռչակագրին միանալով՝ երկրները, մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ճանաչել են միմյանց սահմանները և տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։
Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ Այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը։ Հայաստանի Հանրապետությունը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Հարց․ Հայաստանի քաղաքացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր այս պահին ԱԳ նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, չեն հասկանում, թե ի՞նչու և ինչպե՞ս է Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին մասնակցում Մոսկվայում տեղի ունեցած շքերթին։ Ինչու՞ եք Դուք պարոն Լավրովին այսպես ջերմ հյուրընկալում, և սա այն պայմաններում, երբ Հայաստանի դժվարին և ճգնաժամային պայմաններում Ռուսաստանը չի դրսևորել որպես Հայաստանի դաշնակից և չի կատարել անվտանգային պարտավորությունները։ Ավելին, հաճախ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ Բաքվի ռազմական հարձակումները Հայաստանի դեմ արդարացված են, քանի որ սահմանները հստակեցված չեն։ Այսքանից հետո հայ-ռուսական ի՞նչ որակի հարաբերությունների մասին կարող է խոսք լինել և կոչել դրանք դաշնակցային
Արարատ Միրզոյան. Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտները շարունակաբար զարգանում են և մեծ հարգանքի են արժանի։ Այդ ինստիտուտները կամ դրա պտուղները, երբեմն, ոչ այնքան հաճելի են ականջի համար, ինձ համար ևս, և ես ինքս կարող եմ երբեմն միանալ, առանձին լրագրողների դեպքում, Ձեր գնահատականին, որ այդ գործունեությունն ավելի շատ նմանվում է քաղաքական գործունեության, քան լրագրության:
Ես նույնպես չեմ խուսափի Ձեր հարցից։ Ձեր հարցի պատասխանն, իրականում, համենայն դեպս ինձ ուղղված մասի, բավականին պարզ է և ակնհայտ։ Հայ ժողովուրդն իր լրջագույն ավանդն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում, ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում: Հիշենք մեր զոհերի թիվը վերջին պատերազմում և մի պահ փորձենք պատկերացնել սարսափելի ծավալները. մենք 300․000 զոհ ենք ունեցել ֆաշիզմի, նացիզմի դեմ պայքարի գործում: Հրաժարվել այս ներդրումից և չհարգել այդ մարդկանց հիշատակը, չնշել հաղթանակը, կարծում եմ, բոլորովին տեղին չէ, և եթե այդպիսի բան լիներ, դա զուտ քաղաքական կոնյուկտուրայի ինչ-որ դրսևորում կլիներ, որը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:
Ինչ վերաբերում է ջերմ հյուրընկալմանը, ես չեմ պատկերացնում հյուրընկալության որևէ այլ դրսևորում: Մենք մեր բոլոր գործընկերներին, առնվազն որպես ընդունող կողմ, պարտավոր ենք ջերմ հյուրընկալել, հատկապես, երբ խոսքը նաև մեր երկարամյա և դաշնակցային հարաբերություններով, գործընկերությամբ կապված գործընկերների մասին է: Ես չեմ ուզում կրկին ժխտել խնդիրների առկայությունը։ Այսօր, մենք միայն այս ձևաչափում բավականին երկար կենտրոնացանք խնդիրների վրա, դրանք ո՛չ Հայաստանն է ժխտում, ո՛չ էլ Ռուսաստանը: Կան հարցեր, որ մենք ուրիշ կերպ ենք ընկալում, Ռուսաստանի Դաշնությունն՝ ուրիշ կերպ, բայց այս խոսակցությունն ավելի անկեղծ շարունակելու համար մենք բոլորս միասին ունենք երկու ընտրություն. տեսականորեն հիմնվել տարբերությունների վրա և հարաբերությունների հետագա ընթացքն ուղղել ավելի բացասական հուն կամ հակառակը` ուղղել հարաբերությունները դրական հուն՝ հիմնվելով ընդհանուր շահերի, հետաքրքրությունների վրա, իհարկե, միմյանց ինքնիշխանության, ինքնիշխան որոշումների փոխադարձ հարգանքի պահպանմամբ:
Մենք կարող ենք անվերջ կենտրոնանալ անցյալի վրա։ Քիչ առաջ էլ մենք որոշակի դրվագով կրկին խոսեցինք անցյալի իրադարձություններից, անցյալի դիրքորոշումներից, բայց իմ համոզմունքը, և ես կարող եմ ասել, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այն է, որ մեզ Ռուսաստանի Դաշնության հետ կապում են ամուր գործընկերային կապեր, մենք ունենք աճող տնտեսական հարաբերություններ, ամուր մշակութային կապեր և պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները` հիմնվելով այս դրական ընկալումների, ձեռքբերումների վրա: Այսքանը։
Հարց («Комсомолськая правда»)․ Պաշտոնական Երևանն, առնվազն մեդիա մակարդակում, հայտարարում է, որ Եվրոպական միությանը տնտեսական ինտեգրման կուրս է որդեգրել։ Ընդ որում, Եվրոպական միությունը բավական թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի և Եվրամիության հետ է: Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում Եվրոպական միությանն անդամակցելը համադրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ:
Արարատ Միրզոյան․ Այդ հարցի պատասխանն իրականում շատ կարճ է։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում և, ըստ այդմ, հարցը, որը կարող էր ծագել այդպիսի զարգացումների պարագայում, տեղին չէ, և չեմ կարող այդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել: Շնորհակալություն։
ՀՀ ԱԳՆ