Հայաստանի Հանրապետությունում երբևէ նման իրավիճակ չի եղել՝ ավելացել է թմրամիջոց օգտագործող մարդկանց քանակը։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Ավետիսյանը։
«2021թ․ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի միջոցով իրականացվել է հետազոտություն միայն ներարկային թմրամիջոց օգտագործողների շրջանակում։ Թիվը մոտ 14․000 է։ 1917-18 թթ․ համեմատ 8-9 հազարով ավելի էր։ Պլանավորվում է նույն հետազոտությունն այս տարի անցկացնել, և ես կարող եմ վստահ ասել, որ թվերը նորից աճելու են»,- ասաց Ավետիսյանը։
Քննարկմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն ու Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն հայտնեց, որ թմրամիջոցներն այսօր լայն տարածում ունեն երիտասարդների շրջանում։
«Երբ երիտասարդների հետ շփվում եմ, մտերմիկ տոնով հարցնում եմ, տղանե՛ր, աղջիկնե՛ր, ճի՞շտ է, որ ամեն երիտասարդական հավաքույթի ժամանակ դա օգտագործում եք։ Մոտ 90 տոկոսն ասում է՝ այո։ Պարզվում է՝ քիմիական այդ դեղահաբերը շատ տարածված են երիտասարդական հավաքույթների ժամանակ»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
Կարդացեք նաև
Հատկապես երիտասարդների շրջանում թմրամիջոցի օգտագործումը կանխարգելելու համար պատգամավորը Կառավարությանն առաջարկել է 15-18 տարեկան մարդկանց ենթարկել պարտադիր թունաբանական փորձաքննության՝ յուրաքանչյուր ուսումնական տարում ընդգրկելով նրանց գոնե 30 տոկոսը։ «Ես այս առաջարկը հենց այնպես չեմ արել, կան մտահոգիչ թվեր, մտահոգիչ փաստեր։ Եթե Ոստիկանությունը ձերբակալում է մանկահասակ երեխայի հետ զբոսնող կնոջը, որը հողի տակ թմրամիջոց է դնում, եթե թմրամիջոց տարածելուց ձերբակալում են 9-րդ դասարանի աղջկան, պատկերացնո՞ւմ եք ինչ վիճակ է։ Ես սպասում եմ, որ ՆԳՆ-ն ցույց տա այն աղջկան, որը երեխաներին թմրամիջոց պարունակող քաղցրավենիք է տվել»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում