Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան. «Պետք է սահմանափակել բանակից խուսափելը, մեծ գումարներ դնել քաղաքացիությունը փոխելու դիմաց, որոշ առողջական խնդիրներ ունեցողներին էլ տանել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության»

Մայիս 21,2025 21:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեդիա կենտրոնում «Ինչու են հայ երիտասարդները հրաժարվում քաղաքացիությունից, խուսափում զինվորական ծառայությունից. նոր օրինագիծ» թեմայով քննարկման ժամանակ օրենսդրական մի շարք փոփոխություններին ուղղված օրինագծերի փաթեթի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց. «Նախագծի անհրաժեշտությունը շուտվանից կար, որը պետք է անեինք տարիներ առաջ, որպեսզի կանխեինք այն երեւույթները, որոնք տեղի ունեցան, կամ գոնե սահմանափակեինք: Ավելի լավ է հիմա անենք:

Ես մի քանի անգամ թվերը ներկայացրել եմ ու հիմա նույնպես կցանկանամ նշել: Մենք հիմա Հայաստանում զորակոչի հետ կապված ունենք լրջագույն խնդիրներ: Բազմաթիվ քաղաքացիներ մի շարք ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից: Առաջին հիմնական տարբերակը քաղաքացիությունից հրաժարվելն է, որ մինչեւ 16 տարեկան արական սեռի քաղաքացիները հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից եւ արդեն զորակոչի տարիքում նրանք ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության, որովհետեւ թեեւ ազգությամբ հայ են, բնակվում են Հայաստանում, բայց ունեն այլ երկրի անձնագիր»:

Հայկ Սարգսյանը կոնկրետ թիվ հնչեցրեց, թե 2020-ից 2024-ի ընթացքում մինչեւ 18 տարեկան քանի քաղաքացի է գնացել են այս ճանապարհով, շատերն էլ հիմա են գնում, որպեսզի լուծեն իրենց խնդիրը:

«Ես առաջարկում եմ, որպեսզի բարձր տուրք դնենք քաղաքացիությունից հրաժարվելու համար: Սա գալիս է կանխելու այս արատավոր երեւույթը: Այսօր ընդամենը 25 հազար դրամ են վճարում քաղաքացիությունը փոխելու դիմումի համար: Ես առաջարկում եմ դա դարձնել 15 մլն. դրամ, որպեսզի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կտրուկ նվազի: Եվ եթե անգամ նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով, այն բացը, որ ունենալու ենք իրենց չծառայելով, լրացնենք ուրիշ անձանց այդ գումարով ծառայության բերելու»,-ասաց Հայկ Սարգսյանը:

ՔՊ-ական պատգամավորը զինծառայությունից խուսափելու պատճառ համարում է աշխարհաքաղաքական եւ մեր տարածաշրջանային անվտանգային համակարգով պայմանավորված մարդկանց վախերը: «Սրանով պայմանավորված, քաղաքացիները ծախսում են մեծ գումարներ, օգնություն ստանալու համար դիմում են տարբեր պաշտոնյաների եւ ոչ պաշտոնյաների, որպեսզի ստանան հիվանդությունների թղթեր եւ այդ հիմքով չծառայեն: Կամ ուղղակի լքում են Հայաստանի Հանրապետությունը ուսման, բուժման կամ այլ նպատակներով եւ չեն վերադառնում»,-ասաց ՔՊ-ականը:

Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հետախուզվում են բանակում չծառայելու համար եւ գտնվում են ՀՀ սահմաններից դուրս: Նրանց մի մասը մինչեւ 27 տարեկան տղաներն են: «Այսինքն, ես ասում եմ, որ պետք է սահմանափակել բանակից խուսափելը, պետք է մեծ գումարներ դնել քաղաքացիությունը փոխելու դիմաց, որոշ առողջական խնդիրներ ունեցողներին տանել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, որպեսզի գործող մեխանիզմները խափանվեն եւ այս իմաստով առնվազն 50 տոկոսով բարձրանա զորակոչի թիվը:

Բայց երբ սահմանափակումներ ենք մտցնում, պետք է նաեւ հաշվի առնենք, որ այն խնդիրները, որոնք որ առկա են, ինչով պայմանավորված, քաղաքացիները շարունակում են խուսափել, միեւնույն է, այլ ճանապարհներ են փորձելու գտնել: Եվ ամենավատ տարբերակը լինելու է ընտանիքներով Հայաստանը լքելը: Դրա համար մենք պետք է ծառայությունը դարձնենք գրավիչ: Դրա ճանապարհները մի քանիսն են:

Զինծառայողներին վճարվող գումարները պետք է բարձրացվեն: Այն քաղաքացիները, որոնք քաղաքացիությունից կհրաժարվեն եւ կվճարեն 15 մլն. դրամ, կամ նրանք, որոնք կվճարեն, որպեսզի կարճ ծառայեն, հավաքագրված այդ գումարների մի մասը պետք է ուղղվի սովորական ժամկետային զինծառայողների դրամական ապահովման բարձրացմանը: Եվ դա պետք է բարձրացվի առնվազն 5, 10 անգամ:

Նրանք, ովքեր սպորտում, գիտության մեջ որոշակի հաջողությունների են հասել, որոնք կառավարության որոշումով ստանում են տարկետում կամ այլ հիմքերով, օրինակ, գիտական կոչումով, ազատվում են ծառայությունից, կարծում եմ, չպետք է նման հնարավորություն տանք եւ առաջիկայում պետք է սահմանենք, որ եթե դու որեւէ ոլորտում հաջողության ես հասել, աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն ես կամ գիտական կոչում ունես, դու հավանաբար նաեւ մեծ գումարներ ես վաստակում: Եվ կարող ես վճարել գումար, ծառայել մեկ ամիս եւ ընդմիշտ փակել քո ծառայության էջը: Քո այդ վճարած գումարով այլ քաղաքացիներ կծառայեն, դու էլ կտիրապետես զենքին, ծառայելու հիմնական կանոններին, կտաս զինվորական երդում, կհաշվառվես կոնկրետ զորամասում եւ կարիքի դեպքում քեզ ՊՆ-ն կօգտագործի իր կարիքների համար»,-ասաց օրինագծի փաթեթի հեղինակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031