«Սոչիում ՄՕԿ-ի հովանու ներքո գործում է Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանը, որը հիմնականում իրականացնում է սպորտի մենեջերների մագիստրոսական ծրագրեր: Սա մի ոլորտ է, որը Հայաստանում, ցավոք սրտի, այնքան էլ զարգացած չէ, եթե չասենք՝ զրոյական վիճակում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը:
«Մեր բուհը որպես սպորտի ոլորտի պատասխանատուներից մեկը ընդունում եւ գիտակցում է, որ այդ բացը լրացնելու համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այդ նպատակով մենք 2024 թվականին Սոչիի մեր գործընկերների հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր: Եվ այսօր, ինչ տեղի է ունենում՝ այդ համագործակցության շարունակությունն է: Մենք հրավիրել էինք միջազգային ճանաչում ունեցող մասնագետների, որոնք երեք օր մեր դասախոսներին եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին ծանոթացրին, թե ինչ է իրենից ներկայացնում մենեջմենթը սպորտում, ինչպես կարելի է ներգրավել հովանավորների եւ այլն: Այսինքն, իրենք մեր մասնագետների հետ կիսվում են փորձով, իսկ մենք էլ փորձում ենք հասկանալ, թե ինչ կարելի է Հայաստանի պայմաններում անել: Անվիճելի է, որ դա անհրաժեշտ է սպորտի զարգացման համար: Իսկ ժամանակակից սպորտի զարգացումը առանց մենեջմենթի եւ մարքեթինգի, պարզապես, անհնար է:
Սա մեր առաջին քայլն է եւ շարունակություն ունենալու է: Ցավոք, այս անգամ տեղերը սահմանափակ էին եւ մենք ստիպված էինք լսումներին մասնակցողների թիվը սահմանել 45 հոգի: Կազմակերպվելու են նաեւ այլ սեմինարներ, եւ ոչ միայն այս թեմայով: Եվ դրանք կազմակերպվելու են հաճախակի»,-հավելեց ռեկտորը:
Կարդացեք նաև
Նա նշեց նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտորի հետ, որը ժամանել էր Երեւան, ստորագրել են համագործակցության համաձայնագրի շարունակությունը, որը հնարավորություն է տալու շատ լավ պայմաններով ուսանողներ ուղարկել այնտեղ, որտեղ կրթություն ստանալուց հետո կվերադառնան Հայաստան եւ այստեղ սպորտը կզարգացնեն:
ՀՖԿՍՊԻ-ն մտադիր է նմանաբնույթ համաձայնագրեր կնքել նաեւ այլ համալսարանների հետ: Ներկայումս ընթացքի մեջ է Բուլղարիայի հետ համագործակցության համաձայնագրի վերակենդանացման գործընթացը, որը ժամանակին եղել էր, բայց մնացել էր թղթի վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ