«Մեր հարաբերություններում եղել են ե՛ւ չասված բաներ, ե՛ւ ինչ-որ պահանջներ: 2022-ին Ջերմուկի դեպքերից մեր հայ գործընկերները որոշեցին, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները, չի միջամտել այդ ռազմական գործողություններին: Բայց դրանից հետո 2022-ի հոկտեմբերին Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողով է եղել: Ջերմուկի դեպքերից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է այցելել տարածաշրջան, դիտարկել է՝ ինչքանով է հնարավոր ուժեղացնել հայ-ադրբեջանական սահմանի այդ մասում անվտանգությունը»,- այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը եւ հարաբերությունների զարգացման հեռանկարը:
Լավրովը հիշեցրեց, որ դրանից շաբաթներ անց եղավ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը Պրահայում:
«Այդ հարթակը հորինել է Մակրոնը և հայտարարել, որ դա ԵԱՀԿ անդամներն են՝ հանած Ռուսաստանն ու Բելառուսը, այսպիսի անկեղծ դիրքորոշում, որը ցույց էր տալիս, թե ինչու է այդ համայնքը ստեղծվել: Մենք այսօր այդ հարցը քննարկել ենք: Վերջերս դրա հավաքը տեղի ունեցավ Ալբանիայում: Կարծես թե հաջորդ տարի Հայաստանն է հավակնում այն անցկացնել, մենք տվեցինք մեր գնահատականն այդ նախաձեռնությանը, հուսամ՝ այն հասկանալի է և կընդունվի հարգանքով, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում մեր դաշնակիցների, գործընկերների գործողություններին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում:
Եվ երբ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման նպատակով հանդիպել էին, այնտեղ Հայաստանն ու Ադրբեջանը Շառլ Միշելի նախագահությամբ հավանություն տվեցին մի փաստաթղթի, որում ասվում է, որ Ղարաբաղը տարածք է, որի կարգավիճակը հստակեցված է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, այդ հռչակագրի համաձայն՝ Ղարաբաղն Ադրբեջան է: Մենք դա ընկալեցինք՝ որպես ՀՀ ղեկավարության ինքնիշխան որոշում, թեև, երբ դադարեցնում էինք 2020 թվականի պատերազմը, նոյեմբերի 9-ին նախագահ Պուտինը նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի հետ ողջ գիշեր համաձայնեցնում էր փաստաթուղթը ռազմագործողությունները դադարեցնելու համար, որում Ղարաբաղի կարգավիճակը հետաձգված էր: Դրանում այն հստակեցված չէր, դա առանձնահատուկ խնդիր էր՝ հաշվի առնելով թեմայի սրությունը երկու ժողովուրդների, երկրների համար, կարգավիճակի հարցը թողնվել էր հետոյին՝ հետագա բանակցություններին: Բայց 2022 թվականին ՀՀ ղեկավարությունը որոշեց, որ այդ հարցը կարգավորվում է Ալմա Աթայի հռչակագրով. մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը և այստեղ մեր կողմից չեն եղել խնդիրներ»:
Կարդացեք նաև
Սերգեյ Լավրովն ասաց. «Հիմա ունենք այն, ինչ ունենք: Կար չհասկացվածություն, կասկածներ, մենք պատրաստ ենք քննարկել իրավիճակի հետ կապված բոլոր ասպեկտները, մեր գործողությունների հետ կապված բոլոր ասպեկտները, մենք որևէ պարտավորություն չենք խախտել, դա եղել է ՀՀ իշխանության ինքնիշխան ընտրությունը, մենք ընդհանրապես չգիտեինք, որ Պրահայում նման պայմանավորվածություն է սպասվում: Այդ մասին իմացանք ԶԼՄ-ներից: Եվ եթե ինչ-որ մեկը՝ կամ ընդդիմությունից, կամ այլ քաղաքական շրջանակներից, փորձում է ասել, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, դա ազնիվ չէ՛, պարզապես ազնիվ չէ, քանի որ դա չի համապատասխանում փաստերին, այդ մասին մենք իմացել ենք ԶԼՄ-ներից»:
Եվ վերջում ՌԴ ԱԳ նախարարը կրկին վերադառնալով ուսանողի բուն հարցին՝ վստահեցրեց, որ հաղթահարվել է փոխադարձ անվստահության եւ դժգոհության փուլը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ