Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում միայն գումարի «ինքնությունն էր» պարզված

Մայիս 22,2025 12:30

ԱԱԾ հաղորդագրությամբ հայտնի էին ապօրինի վարձատրություն տված անձինք

2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր թիվ 58213420 քրեական գործը։ Գյումրիի ենթադրյալ աղմկահարույց այս գործը, որը հարուցվել էր ՀՀ քրեական oրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, առնչվում էր սոցիալական աջակցության, հանրային ծառայողների սպասարկման, նպաստների ու սոցիալապես անապահով անձանց իրավունքների խախտման հետ: ԱԱԾ-ն 5 տարի առաջ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ «Բացահայտվել են Գյումրի քաղաքի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից նպաստառուներից պարբերաբար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր» ():

«Արտաշես Եգորյանի եւ մյուսների» գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը հասանելի դարձավ օրերս: Իսկ նախապատմությունը հետեւյալն է.

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2023 թ. հոկտեմբերի 25-ին գործն ընդունել էր վարույթ: Գործով 2 տուժող էր ներգրավված: 6 մեղադրյալների համար ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հանրային մեղադրողն էր ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արամ Եդիգարյանը:

Ըստ հանրային մեղադրանքի՝ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքներին սպասարկող, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի պետ Ա. Եգորյանը 2020 թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը ներառյալ հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, լիազորված լինելով ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց նպաստների եւ հրատապ օգնությունների տրամադրումը, որոշելու ընտանիքի անապահովության միավորը, իր ենթակաների՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Շ. Անտոնյանի, Ս.Ղափլանյանի, Ա. Ազատյանի, առաջատար մասնագետ Ա. Հարությունյանի եւ առաջին կարգի մասնագետ Ա. Մարտիրոսյանի հետ «խմբի կազմում, նախնական համաձայնությամբ», ապօրինի վարձատրություններ տված կամ նրանց ներկայացրած անձանց օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ եռամսյակային հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու, ինչպես նաեւ՝ նույն օրենքով նախատեսված ընտանեկան նպաստ նշանակելու համար, 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ 2020 թ. հունիսի 30-ը ժամանակահատվածում, «միասնական հանցավոր դիտավորությամբ», ինչպես «խմբի անդամների» միջոցով, այնպես էլ անձամբ՝ սոցիալական աջակցության նշված ծրագրերում ընդգրկման ենթակա կամ նրանց համար դիմած անձանցից պահանջել եւ ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 547.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ:

Ըստ դրվագների՝ 2020 թ. մարտի 30-ին Եգորյանն անձամբ իր աշխատասենյակում է ստացել «ինքնությունները չպարզված» ընդհանուր 28 անձանց կողմից՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված եռամսյակային հրատապ օգնության ծրագրում ընդգրկվելու համար տրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած գումարների իրեն հասանելիք մասը՝ ընդհանուր 290.000 ՀՀ դրամը, համապատասխանաբար` Ա. Մարտիրոսյանի կողմից տրված 200.000 ՀՀ դրամը, ինչպես նաեւ` Անտոնյանի միջոցով ստացել է նույն ամսվա ընթացքում՝ չպարզված օրը, ինքնությունը չպարզված անձի կողմից վերջինիս տրված՝ ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 10.000 ՀՀ դրամ, իսկ իր աշխատասենյակում Հարությունյանից ստացել է ինքնությունները չպարզված 10 անձանց կողմից՝ ընդհանուր 100.000 ՀՀ դրամ…

Ավելի պատկերավոր, ԱԱԾ-ի կողմից «ինքնությունը պարզվածը» միայն այն գումարն էր, որը կար, տրվել է պետին, աշխատողները մեջ-մեջ են արել: Իսկ ԱԱԾ հաղորդագրության մեջ կային այսպիսի տեղեկություններ՝ «Հայտնաբերվել եւ հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը»: Այսինքն, նախաքննության ժամանակ, անձինք հայտնի էին, մինչդեռ դատարանում պարզվեց՝ «չպարզված են»:

Մեղադրյալների նկատմամբ 2024 թ. հուլիսի 9-ին դատարանը որոշում է կայացրել 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով, իսկ Ս. Ղափլանյանի մասով անջատվել էր վարույթը:

2024 թ. սեպտեմբերի 19-ին Հակակոռւպցիոն վերաքննիչ դատարանը քննության առնելով այս քրեական գործով 2024 թ. հուլիսի 9-ի որոշման դեմ Շիրակի մարզի դատախազության դատախազ Թագուհի Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որոշում է դատարանի որոշումը թողնել անփոփոխ:

Անդրադառնալով բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկին. դատարանն արձանագրել էր. «Գտնում եմ, որ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացումը կարող է հիմնավորված համարվել այն դեպքում, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքն առնվազն ակնհայտ է վարույթի պրոֆեսիոնալ մասնակցի համար՝ առանց տվյալ ապացույցի բովանդակային հետազոտման եւ այլ ապացույցների հետ համադրության, մնացած դեպքերում տվյալ՝ նախնական դատական նիստի փուլում առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ապացույցների հետազոտման՝ դատարանը գնահատական է տալիս ապացույցների վերաբերելիությանը, պիտանիությանը, դրանց վարույթի ելքի համար նշանակությանը (ինչպես սույն դեպքում նշում է, որ հիմնական ապացույցները հավաքվել են մինչեւ երկարաձգման որոշման կայացումը), այլ խոսքով՝ դրանց տալիս է նախապես հաստատված ապացույցի ուժ, մինչդեռ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները դատարանի համար ունեն նախնական եւ օժանդակ նշանակություն, ուստի առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտման` դրանց չի կարող հաստատված ապացույցի ուժ տրվել»: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի համաձայն՝ ապացույցը փաստի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված տվյալ է, որի հիման վրա քննիչը, դատախազը, դատարանը պարզում են ապացուցման ենթակա հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաեւ վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի համաձայն՝ վարութային ակտը «քրեական վարույթի ընթացքում դատարանի կամ վարույթի հանրային մասնակցի` ի պաշտոնե կատարած գործողություն, դրսեւորած անգործություն կամ կայացրած դատավարական ակտ» է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն՝ վարութային գործողությունը «տվյալ վարույթի շրջանակներում իրավասու դատարանի, վարույթի հանրային մասնակցի կողմից կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նրանց հանձնարարությամբ ի պաշտոնե կատարվող գործողություն» է։

Այս տարվա փետրվարի 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը վարույթ ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքը: Դատարանի որոշմամբ բեկանվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. հուլիսի 9-ի որոշումը եւ վարույթը փոխանցվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնեմ, որ 2023 թ. օգոստոսի 21-ին դատախազի կողմից որոշում է կայացվել կին մեղադրյալներ Ա. Եգորյանի, Ա. Մարտիրոսյանի, Ս.Ղափլանյանի, Ա. Ազատյանի, Ա. Հարությունյանի եւ Շ. Անտոնյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները երկարացնել 2 ամսով՝ մինչեւ 2023 թ. նոյեմբերի 1-ը: Վարույթի նյութերը դատարան են ստացվել 2023 թ. հոկտեմբերի 24-ին: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշմամբ որեւէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրսեւորման եւ դրա պահանջի առկայության, ինչպես նաեւ բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ, իսկ ավարտված նախաքննության պայմաններում քրեական հետապնդման ժամկետի երկարաձգումն ըստ էության պայմանավորվել է բացառապես վարույթի մասնավոր մասնակիցներին վարույթի նյութերին ծանոթացնելու եւ մեղադրական եզրակացության կազմման անհրաժեշտությամբ, ինչը փաստացի տեւել է ընդամենը 6 օր։

Առաջին ատյանի դատարանը փաստել էր, որ մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ վերադաս դատախազի համապատասխան որոշումներից հետո որեւէ ապացուցողական գործողություն չի կատարվել, որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որպեսզի դատարանն անհրաժեշտություն ունենա հետազոտել տվյալ ապացույցն ու գնահատել դրա նշանակությունն ընդհանուր վարույթի տեսանկյունից: Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության, իր համաձայնությունն է հայտնել առաջին ատյանի դատարանի հետեւություններին:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել քրեական հետապնդումը բացառող հիմքի առկայությունը։ Ասել է, թե Հակակոռուպցիոն քրեական դատարանը, վերաքննիչ դատարանը դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են այն հանգամանքը, որ խախտվել է հայեցողական լիազորության իրականացման հիմնավորվածության չափանիշը, քանի որ մեղադրյալներ Ա. Եգորյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Ազատյանի, Ա. Հարությունյանի եւ Շ. Անտոնյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշմամբ որեւէ փաստարկ ներկայացված չէ արդարադատության շահի դրսեւորման եւ դրա պահանջի առկայության, ինչպես նաեւ բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031