Իրականում դպրոցաշինության ոլորտում քաոս է, որի մասին Փաշինյանը թերեւս պատկերացում չունի, չի էլ ուզում ունենալ:
Շինարարական կազմակերպություններն աշխատում են առանց շինթույլտվությունների ու նախագծերի, Քաղաքաշինության կոմիտեն ամիսներ, տարիներ տեւող քաշքշուկ է ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, սխալ նախագծեր է հաստատում, որոնք անվերջ փոխվում են, կարող է մրցույթ հայտարարել մի տարածքի համար, որի վերաբերյալ չունի վկայական: Արդյունքում պայմանագրերի ժամկետները խախտվում են, եւ դպրոցի շինարարությունը, որը պետք է կառուցվեր, ասենք, 1-1,5 տարում, տեւում է տարիներ, շինարարներն ահռելի վնասներ են կրում, սնանկանում են, իսկ քաղշինի նախագահ Եղիազար Վարդանյանը, որը, ըստ ամենայնի, այս դաշտից գլուխ չի հանում, իր աշխատանքի թերությունները գցում է շինարարների վրա՝ ասելով, թե շինարարը վատն է: Փաշինյանն էլ չի խորանում: Վատն է՝ փոխեք շինարարին: Եվ ոչ ոք անգամ իր շրջապատից չի կարող բողոքարկել այս վերդիկտը:
Թե ինչ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեի ներսում, ոչ ոք չգիտի: Իսկ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը դարձել է մի մեծ լվացքատուն, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Դեռեւս 2020 թվականին 30 դպրոցի շինարարության համար տենդերներ են հայտարարվել: 30 դպրոցից շահագործման է հանձնվել մոտ 10-ը: 20 դպրոցի շինարարությունն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Շինարարների հետ պայմանագրերը Եղիազար Վարդանյանի ղեկավարած կոմիտեն խզում է եւ նոր տենդերներ է հայտարարում` նախնական արժեքներից կրկնակի բարձր գներով, պետությանը մեծ վնաս պատճառելով:
Արդյունքում՝ շինարարության համար, որը պետք է ավարտին հասցվեր, ենթադրենք, 700-800 մլն դրամով, տենդերի է դրվում 1 մլրդ եւ ավելի դրամ արժողությամբ:
Կարդացեք նաև
Դպրոցաշինության խոհանոցին տեղեկացանք՝ հետեւելով 2 տենդերի ճակատագրին, որոնք շահել է դպրոցաշինության հարուստ փորձ ունեցող «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Դպրոցներից մեկը Վայոց Ձորի Չիվա գյուղում է: Այն ոչ մի կերպ չի կառուցվում: Մյուսը Նոյեմբերյանի Դովեղ համայնքում է, որի շինարարությունը քաղշին նախագահի շնորհիվ դադարեցվել է անցյալ տարվա մայիսից:
Երկու դպրոցների համար տենդերները կայացել են 2020 թվականին: 420-450 օրում շինարարությունը պետք է ավարտին հասցվեր, սակայն այս ժամկետում հազիվ պայմանագրերն են կնքվել կապալառուի հետ, իսկ շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, քանի որ քաղշինկոմիտեն շինարարին ո՛չ նախագիծ է տալիս, ո՛չ շինթույլտվություն:
«Կանժիլստրոյ» ՍՊԸ ղեկավար Աշոտ Խաչատուրյանը «Հրապարակին» հայտնեց, որ Քաղաքաշինության կոմիտեում բյուրոկրատական քաշքշուկը, ձգձգումներն այնքան մեծ են եղել, որ 24 ամսով տրված շինթույլտվության ժամկետն ավարտվել է, իսկ նորը Կոմիտեն չի տրամադրել, որի հիման վրա պետք է սկսվեին աշխատանքները: «Մենք ստիպված ենք եղել դրանց մեկնարկը տալ առանց շինթույլտվությունների, սխալ, չճշգրտված նախագծերով»,- ասում է Խաչատուրյանը:
Չիվայի դպրոցը 5 տարի է՝ չի կառուցվում
«Ըստ պայմանագրի, շինարարը պետք է քանդեր տարածքում «գոյություն ունեցող շենքը», ինչի համար նրան տրվել է 2․4 մլն դրամ: Բայց, բացի դպրոցի շենքը, այնտեղ կար փոքր կառույց: Սկզբում կարծեցինք, թե գոյություն ունեցող շինությունն այդ փոքր կառույցն է, պարզվեց՝ ոչ, այդ շենքը դպրոցն է: Այսինքն՝ պետք է մի ամբողջ դպրոց քանդել, հանել մետաղական մասերը, փայտամասը, դռները, լուսամուտները, բոլորը հանձնել համայնքին, իսկ սա հսկայական աշխատանք է։ Դիմում ենք քաղշինկոմիտե, պահանջում ենք վերահաշվարկ: ՔԿ-ն դիմում է նախագծողին, ու վերահաշվարկի արդյունքում 2,4 մլն-ն դառնում է 25 մլն: Մեր առաջ պայման է դրվում, որ 25 մլն դրամի մի մասը կտան չնախատեսված ծախսերի բաժնից, մյուսը՝ տարվա սկզբում, երբ համադրումներ անենք, կատարված աշխատանքի ծավալները կմտցնենք մեջը եւ մեր փողը կստանանք: Մենք այդ պայմանով դպրոցը քանդում ենք, անցնում ենք հիմքերի աշխատանքին ու այստեղ պարզում ենք, որ տված է երրորդ կարգի հիմքերի քանդում, բայց քանի որ նոր դպրոցը հնի տեղում ենք կառուցում, տակը երկաթբետոնի հիմքեր են, այսինքն՝ կրկին վերահաշվարկ ենք պահանջում: Կրկին գումարն ավելանում է, նույն մոտեցմամբ ասում են՝ քանդեք, մենք փողը կտանք: Նախագծողը հաշվարկներն անում է, ֆիքսում է այդ ամենը, ուղարկում է քաղշինին, գործն անում ենք, փողերը չեն տալիս: Կոնկրետ Չիվայով 40 մլն-ից ավելի գումար ունենք, որ դեռ փողերը չենք ստացել»,- պատմում է Աշոտ Խաչատուրյանը:
Չիվայի դպրոցի կառուցման համար պայմանագիրը կնքվել է 21 թվականի դեկտեմբերին, աշխատանքները սկսվել են 22 թվականին, չունենալով կոյուղու համակարգի, հենապատի ու բարեկարգման նախագիծ: «Ներսի աշխատանքներն ավարտել ենք, մնում են մաքրման աշխատանքները, բայց քանի որ տարածքը կավահող է, սելավի ջրերը գալիս են, լցվում դպրոց: Դրա համար պետք է տային հենապատի նախագիծ, դա անեինք, ջրահեռացման համակարգը կառուցեինք: Բայց այդ բոլոր նախագծերը՝ քաղշինի կողմից հաստատված, մենք չունենք: Եվ սա՝ այն դեպքում, երբ նախագծողը 24 թվականի մարտից իրենց ուղարկել է նախագծերը: Մինչեւ հիմա մենք դրանք չունենք»,- ասում է շինարարը:
2024 թվականի մայիսից ավարտվել է Չիվայի դպրոցի շինթույլտվության ժամկետը, եւ աշխատանքը դադարում է, քանի որ քաղշինկոմիտեն ո՛չ նախագիծ է հաստատում, ո՛չ շինթույլտվություն է տալիս: 10 գրություն է շինարարն ուղարկում Եղիազար Վարդանյանին, երեքը՝ վարչապետ Փաշինյանին ու մնում է անպատասխան:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: