Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակած զինվորական ծառայության վերաբերյալ նախագծերի փաթեթը։
Այս փաթեթի վերաբերյալ կառավարության եզրակացությունն այն է, որ նախագծերի փաթեթը կառավարության ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա լրամշակման կարիք ունի:
Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչեւ 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժակետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչեւ 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Նախատեսվում է նաեւ Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:
Կառավարությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել այս փաթեթի վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների եւ լրամշակման։ «Միաժամանակ, առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ։ Ձեւակերպվել են հետեւյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։ Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ, եւ պարոն Հայկ Սարգսյանը համաձայն է մեր առաջարկությունների հետ։ Եվ առաջիկայում՝ մեր հաստատումից հետո, այն կքննարկվի նաեւ Ազգային ժողովում, հաշվի առնելով, որ այս հարցը զգայուն է եւ անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարեւոր է, որ այն նաեւ պատշաճ քննարկում անցնի Ազգային ժողովում»,- ասաց Պապիկյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան՝ միաժամանակ հնարավորություն տալով մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ «Հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի ե՛ւ աշխավարձ վճարել, ե՛ւ վճարել 5 մլն դրամ պարգեւավճարը, որը ստանձնել է կառավարությունը։ Բայց ամենակարեւոր հատվածը վերաբերում է կարգին, որը կառավարությունը դեռ պետք է սահմանի։ Եվ յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պետք է սահմանի թվաքանակ, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են»,- նշեց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցրեց՝ ինչո՞ւ է կարճ ծառայության ժամկետը սահմանվում 4 ամիս կամ 1 ամիս, ինչո՞ւ 6 կամ 12 ամիս չի սահմանվում։
Պապիկյանն ասաց, որ մեկ ամիսը նվազագույն պատրաստության ժամկետ է, որպեսզի քաղաքացին կարողանա օգտվել զենքից եւ տարրական զինվորական կանոններ իմանա։ Այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունից կօգտվեն, ըստ Պապիկյանի, միեւնույն է, գրանցվելու են պահեստազորում՝ ի տարբերություն զարտուղի ճանապարհով բանակից ազատվող այլ քաղաքացիների։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ