Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Գեւոգ Պապոյանն անդրադարձավ Վրաստանի տարածքում հայկական կոնյակի խնդրին։
Նշենք, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տեղափոխվող հայկական կոնյակով բեռնված մեքենաները Վրաստանի տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, եւ անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։ Կոնյակագործներն ասում են, որ իրենց բեռները 40 օր, որոշ դեպքերում՝ մինչեւ 2 ամիս է՝ կանգնած են Վրաստանի տարածքում, չնայած լաբորատոր փորձաքննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել։ Հայ կոնյակագործները բողոքի ցույցեր են անում՝ հայտարարելով, թե իրենց գործունեությունը դադարեցրել են։
Գեւորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է մեկնել Վրաստան եւ հարցը տեղում քննարկել։ Այսօր ասաց, որ չի մեկնել, շատ ակտիվ քննարկումների մեջ են վրացական կողմի հետ։ Խնդրի հագուցալուծման մասին ոչ մի հստակ տեղեկություն Պապայանը չտրամադրեց։
«Ես շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Մեր աջակցության ծրագիրը լինելու է մեր բիզնեսների մրցունակության պահպանման եւ խաղողի անխոչընդոտ եւ անխափան մթերումների մասին։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք կիրականացնեն խաղողի անխոչընդոտ մթերում, նրանք կստանան որոշակի աջակցություն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Պապոյանն ասաց, որ սա կօգնի խնդիրների լուծմանը, ՀՀ կառավարությունը կոնյակ արտադրողներին մենակ չի թողել եւ չի թողնի։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ