Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնից օտարված տարածքներ կամ՝ տեսանելի և անտեսանելի թատրոն

Մայիս 22,2025 14:00

Հասկանալի է, որ թատրոններում հանդիսականները տեսնում են այն, ինչ երևում է իրենց այցերի ընթացքում, իրենց աչքերի առաջ`շենք, մուտք, ճեմասրահ, դահլիճ, ներկայացում, հսկայական դեկորներ, զգեստներ, տարբեր դարաշրջանների իրեր, զարդեր, զարդարանքներ, զենքեր, կահույք և ամեն ինչ` ինչ որ պետք է  ներկայացման տվյալ թեման պատկերող ժամանակի, դեպքերի, դեմքերի, կերպարների համար:

Բնականաբար տեսնում և լսում են մենակատար արտիստներին, խմբերին, նվագախմբերին, երգչախմբերին, պարախմբերին և ներկայացմանը մասնակից 10, 100, 300, 500 կամ 1000 և ավելի  մասնակիցներին: Լինում են փոքր ու մեծ թատրոններ կամ` շատ թվով փոքր թատրոններ և չափազանց քիչ թվով մեծ թատրոններ, որոնց ստեղծելը, հիմնել-կառուցելը, պահել-պահպանելը այնքան դժվար գործ է, որ աշխարհում բազմաթիվ պետություններ պարզապես չունեն մեծածավալ թատրոններ այն պարզ պատճառով, որ ոչ կարող են կառուցել և ոչ էլ, առավել ևս պահել ու պահպանել այն:

Մեր ասելիքից ելնելով՝ այսօր կխոսենք աշխարհի շատ քիչ երկրներում առկա մեծ թատրոնների և հատկապես Երևանի օպերային թատրոնի` հանդիսատեսի համար ոչ տեսանելի կամ  հանդիսատեսի համար սովորաբար անտեսանելի կառույցների մասին, առանց որոնց՝ որևէ կարգի խոշոր ներկայացում պարզապես չի կարող գոյություն ունենալ: Մեծ թատրոն` նախևառաջ նշանակում է չերևացող մեծ արտադրամասեր, ծառայություններ, կառույցներ, ոչ արտիստական աշխատակազմեր, որոնց հանդիսատեսը երբեք չի տեսնում և անգամ չի էլ մտածում այն մասին, թե ինչպես և որտեղ են ստեղծվում հսակայածավալ դեկորներն ու  մեզանից ասենք 10 դար առաջ տեղի ունեցած,  բայց հենց մեր աչքի առաջ տեղի ունեցող «իրական» ճակատամարտերը:

Ենթագիտակցական միտքը, կարծես թե հասկանում է, որ բեմում տեղի ունեցող ամեն ինչ ցույց տալու համար, պետք է հսկայական աշխատանք արվի, որի համար պարտադիր կերպով մշտապես գործող պայմաններ են պետք, սակայն, լայն առումով այդ հանգամանքն իսկապես հանդիսաստեսին չի հուզում և իրականում նրա պետքն էլ չէ, թե ինչը ինչպես է արվում, որը որտեղ է պատրաստվում: Հանդիսատեսի համար կարևորը գեղագիտական, ինտելեկտուալ կամ ժամանցային հաճույք ստանալն է և թատրոնից տպավորված հեռանալը:

Երբ այսքան նշում ենք մեծ թատրոն, դա ամենևին Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մասին չէ, այլ աշխարհի մեծ  թատրոնների մասին, թեև հենց Բոլշոյը աշխարհի համար այն բնորոշ օրինակն է, թե որքան շատ ու որքան մեծ արտադրամասեր են պետք թատրոնին` տարիներ, տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ ներկայացումներ ստեղծելու և դրանք պահելու` դեկորներով, անպատկերացնելի հսկայածավալ ետնավարագույներով ու կուլիսներով, շքեղ կամ գերշքեղ բացառիկ ու անկրկնելի  վարագույներով, բազմաշերտ, բազմապլան, բազմալուծում սուպերվարագույրներով, բազմահարկ կոնստրուկցիաներով, որոնց վրա երբեմն 100-ից ավելի մասնակիցներով երգչախումբ ու արտիստներ են կանգնում, իջնող ու բարձրացող բեմահատվածներ կամ ամբողջական հսկայական սիմֆոնիկ նվագախմբային հարթակ, որի վրա գտնվող նվագախումբն անհրաժեշտության դեպքում կարող է հենց ներկայացման ժամանակ ամբողջ կազմով՝ երաժիշտ մասնակիցներով հանդերձ, մնալ «նվագախմբային փոսում» կամ նրանց հետ միասին նվագախմբային հսկա հարթակը բարձրացնել հիմնական բեմի հարթությանը համապատասխան բարձրության վրա, թեև նույն ժամանակ պետք է  ետնաբեմի դեկորներով բեռնված գերծանր հարթակները բարձրացնել մի քանի մետր բարձրության վրա, իսկ նույն ժամանակ հսկայածավալ միջնավարագույները պետք է բարձրացնել վեր և «կորցնել» վերնաբեմի «կալասնիկներում»…

Չենք շարունակում թվարկումը, քանի որ անթվարկելի են թատրոնի գերհզորությունների, չափերի և հարակից կառույցների ցանկը, որոնց ամենակարևոր հատկությունն  այն է, որ ոչ մի մեծ թատրոն չի կարող գոյություն ունենալ  առանց այդ «արտադրամասեր» կոչվող հզոր կառույցների, և մեր խոսքի ամենակարևոր ասելիքը թերևս այն է, որ թատրոնների չերևացող կառույցները, հատկապես մեծ թատրոնների անտեսանելի կառույցները, անհամեմատ մեծ են երևացող առանց այն էլ խոշոր կառույցներից, գուցեև նվազագույնը հինգ անգամ, իսկ Բոլշոյ թատրոնի դեպքում, հատկապես նոր կառուցվող հարակից արտադրամասերը այդ թատրոնից մեծ են գրեթե քսան անգամ: Ասելիքի այս մասը այստեղ ավարտենք, անցնեք մեր գլխավոր  ասելիքին:

Հասկացանք, որ հանդիսատեսին այս ամենը չի հետաքրքրում, բայց ոլորտը կառավարող կառույցին կամ գերատեսչությանը չեն կարող այս հարցերը չհետաքրքրել, անկախ այն հանգամանքից՝ նրանք հասկանո՞ւմ են վերոնշյալ պրոֆեսիոնալ դրվածքը, թե չեն հասկանում: Եթե չեն հասկանում, ուրեմն առնվազն իրենց տեղում չեն: Թատրոնի տնօրենի խոսքով ներկայացնենք նաև Երևանի օպերային թատրոնի հարակից կառույցների և անհրաժեշտ տարածքների վիճակը և, անկեղծ ասած, փոխանցենք մեր այն մեծ տարակուսանքը, թե՝ մի՞թե անկախության ժամանակների մեր կառավարողները չեն հասկանում, որ օպերային թատրոնի, առանց այն էլ անհրաժեշտից քիչ օժանդակ կառույցների օտարումով, գործնականում չի կարողանա աշխատել ամբողջ թատրոնը և արդյունքում` ոչ ոքի հնարավոր չի լինի բացատրել, որ երբ թատրոնը չունի խիստ անհրաժեշտ արտադրամասեր` դեկորների, զգեստների ստեղծման ու պահպանման, տոմսերի իրացման համար, բազմաբնույթ փորձասենյակներ, պահասենյակներ, արվեստանոցներ, ի վերջո նույնիսկ՝ արտիստական ներքին բուֆետ, ռեկվիզիտի արտադրամաս, գլխարկների կամ  հատուկ կոշիկների պատրասման արհեստանոցներ և այլ անթվարկելի ծառայություններ, ապա ոչ մի երկրի և ոչ մի մեծ թատրոն, ոչ մի կարգի ջանքով, փողով կամ հերոսությամբ, հնարավոր չի պահել ու պահպանել:

Հուսանք, որ կա ընդամենն անիրազեկվածություն, իսկ եթե կա թատրոնի տարածքների օտարման դիտավորություն, դա ուղղակի հանցագործություն է, և երևույթին պետք է նայել արդեն հանցանքի դիրքերից: Տեսնել  հաճելի ներկայացումը  և չտեսնել արտադրական հիմքերը, դա գրեթե նույնն է, թե  հաճելի մեքենա օգտագործողը չհասկանա, որ այդ մեքենան ինքն իրեն չի արտադրվում, այլ այդ մեքենան արտադրելու համար պետք է ունենալ հսկայական  և  ամեն օր անխափան  աշխատող գործարան, որ տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդիկ կարողանան օգտվել իրենց սրտի ուզած արտադրանքից:

Ներկայացնում ենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանի մեզ հայտնած խոսքը, ավելի ճիշտ` թատրոնից անբացատրելի, անհասկանալի ձևով օտարված տարածքների թվարկումը.

    1. Թատրոնի շենքում 1990-ականների սկզբից 1050 քմ տարածք, վարձակալության հիմունքներով, սկսեց գործել Opera-club-ը: 2000-ականներին պայմանագիրը խզվեց թատրոնի հետ, վերակնքվեց Պետական գույքի կառավարման վարչության հետ: Շուրջ 5-6 տարի է Opera-club-ը գործունեություն չի ծավալում, դուռն էլ փակ է:
    2. Եզնիկ Կողբացի փողոցի վրա, նախկին «Հայհամերգ»-ի առաջին հարկում թատրոնն ունեցել է մոտ 300 ք.մ տարածք, որտեղ գործել են տղամարդկանց և կանանց կոստյումների արտադրամասերը: Արդեն 25 տարի տարածքը փակ է, և չի օգտագործվում: Պետության կողմից ճանաչվել է գերակա շահ, որի արդյունքում թատրոնը զրկվել է այդ տարածքներն օգտագործելու իրավունքից` մինչ օրս:
    3. Թատրոնը պահեստային տարածքներ է ունեցել Ռուբինյանց փողոցի վրա` 3,5-4 հազար ք.մ սահմաններում: Ինչ-ինչ պատճառներով մշակույթի նախարարության կողմից դրանք օտարվել են, թատրոնին հաջողվել է պահպանել միայն 860 քմ-ը, որը մինչ օրս օգտագործվում է թատրոնի տեխնիկական կարիքների  համար:
    4. Մաշտոց – Թումանյան փողոցների խաչմերուկում, բնակելի շենքի առաջին հարկում` 1970-ական թվականների վերջերից մինչև 2000-ականների սկիզբը գործել է թատրոնի տոմսարկղը: Հիմա, վերջինս բառի իսկական իմաստով «բուդկա» վիճակում, ներկայումս 18քմ տարածքով գործում է թատրոնի դեմ-դիմաց /Մաշտոց պողոտա/:

Վերջում, մի դիտարկում` պարզ է, գուցե նորը կառուցելու հնարավորություն չկա, բայց հին ունեցածը հաստատ պիտի վերադարձվի: Իսկ այն, ինչ որ կա` եղածը, շատ վաղուց չի բավարարում թատրոնի օրեցօր աճող պահանջներին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031