Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնուտի անտառներ բաց թողնվեցին 1950-ից վերացած տեսակ համարվող կովկասյան ազնվացեղ եղջերուներ

Մայիս 22,2025 18:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1950-ականներից Հայաստանի անտառներից վերացած կովկասյան ազնվացեղ եղջերուները վերադառնում են Հայաստանի անտառներ։ Այս կենդանատեսակն ամբողջովին վերացել էր Հայաստանից որսագողության ու իրենց բնական ապրելավայրի ոչնչացման պատճառով։ Կենսաբազմազանության օրվա կապակցությամբ այսօր 9 ազնվացեղ եղջերուներ բաց թողնվեցին ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի անտառային հատվածներ։

 

2013-ին մեկնարկած «Ազնվացեղ եղջերուների վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի նպատակն է եղջերուներին վերադարձնել Հայաստանի բնություն։

Այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան Հայաստանում։

Դեբեդում գտնվող ՔՈԱԴ ՍՄԱՐԹ կենտրոնում Կենսաբազմազանության օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց․ «Այսօր շուրջ 39․000 Սևանի իշխանի մանրաձուկ բաց թողեցինք Սևանա լիճ, 9 ազնվացեղ եղջերուների առանձնյակ Բնության համաշխարհային հիմնադրամի մեր գործընկերների աջակցությամբ բաց թողեցինք ՀՀ բնություն։ Սրանք շարունակական գործընթացներ են․ չեն սահմանափակվում միայն 2025-ով։ Վերջին երեք տարում շուրջ 600․000 Սևանի իշխանի մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ, 22 ազնվացեղ եղջերուներ են բաց թողնել ՀՀ բնություն։ Այս իրադարձությունները ցույց են տալիս ՀՀ-ի՝ որպես պետություն պատասխանատու լինելու հանգամանքը միջազգային հանրության առաջ, Հայաստանում բնության պաշտպանության, կենդանական աշխարհի պաշտպանության իմաստով, ՀՀ-ի շիտակ նվիրումը բնության պահպանության գործին»։

Իրանից, Ռուսաստանից ու Վրաստանից ներմուծված եղջերուներին բազմացրել են «Դիլիջան» ազգային պարկում, առաջին անգամ Հայաստանում եղջերուն ծնվեց 2018-ին, որին անվանակոչել են Դիլի։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը նշեց՝ առաջին անգամ 2022-ին է բնություն բաց թողնվել եղջերուների 3 առանձնյակ․ «2024-ին մոտ տասը առանձնյակ է բաց թողնվել, այս տարի բաց թողեցինք 5 առանձնյակ։ Առաջին երկու խումբը բաց է թողնվել «Դիլիջան» ազգային պարկում, և այնտեղ է գտնվում ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը։ Այս տարի որոշվեց Եղեգնուտ համայնքի անտառային հատվածում բաց թողնել, քանի որ այս տարածքը ևս այս կենդանիների համար բնական տարածք է։ 1950-ից ի վեր բնության մեջ առանձնյակներ չեն հանդիպել, և ծրագրի նպատակը տվյալ տեսակի պոպուլյացիայի վերականգնումն է։ Լիահույս եմ, որ այդ կենդանատեսակի բնական վերարտադրությունը կտեսնենք մոտ ապագայում։ Աշխատանքները միայն բացթողումով չեն ավարտվում։ Հետագայում նախատեսում ենք մոնիտորինգային աշխատանքներ, ունենք ռադիովզկապներ, որոնց միջոցով կարելի է հետևել դրանց տեղաշարժին»։

ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն էլ նկատեց՝ սա ճանապարհ է, որը ՀՀ-ին տանում է դեպի COP-17․ «Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այս ճանապարհին։ COP-17-ը լավ առիթ է աշխարհին ցույց տալ Հայաստանի կենսաբազմազանությունը»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031