Դատավոր Մուշեղ Արամյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը չհամարելով «խուլիգանություն»:
Երեկ Մեսրոպ Եսայանի, Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի գործով դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Պաշտպանությունն իրականացրել են Արսեն Բաբայանը, Նարե Հոնարչյանը, Վարազդատ Հարությունյանը, Վարդուհի Սարգսյանը։
Գործը 2024թ. հունիսի 19-ից վարույթ էր ընդունել դատավոր Մուշեղ Արամյանը:
Ըստ հանրային մեղադրանքը պաշտպանող կողմի՝ «Վազգեն Գալստանյանի կողմից կազմակերպված եւ ղեկավարվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, բողոքի ակցիա իրականացնող, իրավահպատակ վարքագիծ դրսեւորող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու եւ խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելու եւ հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ են հնչեցրել, շիշ եւ տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների եւ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Կարդացեք նաև
… արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, եւ նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը»:
Դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը հատուկ վերանայման բողոք էր բերել, ինչը վերաքննիչ դատարանը մերժել էր:
Այն կապված էր վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառելու անհրաժեշտության հետ, ինչը, ըստ դատախազի, դատարանի կողմից չէր պատճառաբանվել: Շարժման մասնակիցների նկատմամբ դատարանի կիրառված վարչական հսկողության դեմ բերված դատախազի բողոքների կապակցությամբ էլ, դատարանները մի շարք փաստական հանգամանքներ էին վկայակոչել, մասնավորապես, նախկինում երբեւիցե դատապարտված չլինելը, հանցածին վարքագծի բացակայությունը, ամուր սոցիալական կապերը, ինչը հնարավորություն չէր տա նրանց թաքնվելու, խուսափելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.05.2025