«Էլ ինչպե՞ս բացատրել Հայաստանի անգրագետ ղեկավարությանը, որ այդ արտահայտությամբ ՌԴ-ն ճանաչում էր Արցախը Հայաստանի մաս։ Իսկ փաստացի, Արցախը Հայաստանի մաս էր․ 7 շրջանների հարցը լուծում էինք, Արցախը մնում էր Հայաստանի կազմում»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արշակ Կարապետյանը։
Նա արձագանքում էր Հայաստանում հնչող տեսակետին, որ ՌԴ-ն ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու համար․ նման հարց նաեւ ՌԴ ԱԳ նախարարին տրվեց՝ Երեւան կատարած այցի ընթացքում։ Սերգեյ Լավրովը պատասխանեց՝ անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել են Հայաստանին՝ Արցախի կարգավիճակի եւ ճակատագրի հարցը հետագային թողնել։
Ըստ բանախոսի՝ ֆիզիկայի օրենքով՝ բնության մեջ ոչինչ չի անհետանում, դրա փոխարեն ինչ-որ բան ստեղծվում է։ Սա նա ասաց՝ պատասխանելով ԽՍՀՄ փլուզման մասին հարցին. «Մենք դա դեռ կտեսնենք։ Համենայնդեպս ՌԴ-Բելառուս օրինակի վրա տեսնում ենք»։
Նա նկատեց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված պետությունները որոշակի ուղղություններ էին ընտրել, փորձում էին համագործակցել։ Հետո սկսեցին երես թեքել միմյանցից։ Առաջինը Վրաստանն էր․ դա ավարտվեց Աբխազիայի եւ Օսեթիայի կորստով։ Հետո՝ Ուկրաինան։ Դա էլ ավարտվեց Ղրիմի, Դոնբասի կորստով։ Կորուստները շարունակվում են, այսպես շարունակվի՝ Կիեւն էլ կկորցնի։ Հայաստանի դեպքում՝ Արցախի կորուստ։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԳ նախարարի այցի օրերին ՌԴ նախագահի դեմ Երեւանում կազմակերպված ցույցերին, Արշակ Կարապետյանն ասաց՝ ինքն էլ նրանց մի քանի հարց ունի․ «Ի՞նչ վատ բան է արել Պուտինը Հայաստանին․ կոնկրետ ասեք»։
Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ն այսօր էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եւ դա Հայաստանում հաստատեց ՌԴ ԱԳ նախարարը։ Ըստ նրա՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության պայմանագրերը անթերի են աշխատում Թուրքիայի դեմ։ ՀԱՊԿ-ն էլ է անթերի աշխատում Թուրքայի հարցում, պարզապես պետք է մի փոքր մոդեռնիզացնել այն՝ Ադրբեջանի եւ որոշ այլ պետությունների հարցում։
Նա հիշեցրեց, որ 80 տարի առաջ հայկական դիվիզիան միակն էր, որ հասավ Բեռլին եւ Ռեյխստագի մոտ քոչարի էր պարում․ «Եթե այն ժամանակ նրանց ասեին, որ 80 տարի անց, շքերթին հայկական զորքը չի լինելու, իսկ Հայաստանի ղեկավարը տրիբունայում նստած է լինելու կեպիով՝ նրանք հավանաբար կմտածեին, որ իրենց առջեւ հիմար է կանգնած»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական ասուլիսը՝ ներքեւում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ