Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի է, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ականներին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի. Մայր Աթոռի արձագանքը Փաշազադեի հայտարարություններին

Մայիս 23,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։

Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։

Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։

Նույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։

Եվ վերջում՝ հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031