Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

Մայիս 23,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, 2013 թվականի օգոստոսի 30-ին հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր և օգտագործելով իր՝ տնօրենի պաշտոնից բխող հեղինակությունն ու ճանաչումը՝ գիտատեխնիկական համագործակցության աշխատանքների կատարման պայմանագրեր է կնքել ընկերության հետ:

Պայմանագրերի գործողության ընթացքում ընկերությունը ԱՁ-ին փոխանցել է 266 մլն 857 հզր 762 ՀՀ դրամ, որից Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը 2013-2024 թվականների ընթացքում ստացել է 78 մլն 511 հզր 385 ՀՀ դրամ գումարի չափով եկամուտ՝ այն տնօրինելով սեփական կարիքների համար:

Նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասից վերականգնվել է 19 մլն ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած չափով արգելանք է դրվել վերջինիս շարժական և անշարժ գույքերի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031