«Կարող են ուսումնասիրել օրենքով սահմանված ողջ ժամանակահատվածը՝ տասը տարի նախնական, հետո, եթե կարիք լինում է և ապացույցներ են ձեռք բերվում՝ ընդհուպ մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը գնալ և ուսումնասիրել՝ արդյոք անձն ունի՞ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք, թե՞ ոչ, կամ իր հետ փոխկապակցված անձինք, ու ըստ դրա՝ հայցի շրջանակներում այդ գույքը փորձել բռնագանձել»,- «Մեդիա կենտրոնում» «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով իրավական բացերն ու անորոշությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
Նա կարևորեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումը ու ներկայացրեց իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները․ «Փաստացի հասկացանք, որ գործերի ճնշող մեծամասնությունը հենց բերվում է քրեական գործի հիմքով, ու զուգահեռաբար ուսումնասիրություն է սկսվում, որի շրջանակներում գործընթացները շարունակվում են անկախ նրանից՝ անձը դատապարտվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ակնհայտ էր դատախազության դիրքորոշումն առ այն, որ որևէ կապ վերագրվող հանցագործությունը չպետք է ունենա ուսումնասիրության հետ, ընդամենը ազդակ է, որը թույլ է տալիս սկսել այդ ուսումնասիրությունը, և դրանով այդ քրեական գործի դերն ավարտվում է»։
Հարցին՝ ի՞նչ չափանիշներով է դատախազությունն այդքան տարի հետ գնում, ապացուցման բեռին եթե նայենք՝ երեք տարի դատախազությանն է տրվում ուսումնասիրություն կատարելու համար և մեկ ամիս անձին, փաստաբան Վարազդատ Ասատրյանը պատասխանեց․ «Ապացուցման տեսանկյունից երեք տարվա մասով բնականաբար պրակտիկայւմ հանդիպել ենք դեպքերի, երբ վերջին օրով են կողմերը ծանուցվում վարույթի մասին։ Դեպքեր կան, որ բանկային գաղտնիքն անգամ ամբողջությամբ այլ անձանց ուսումնասիրվում է, բայց անձինք վարույթին մասնակից չեն դառնում, իսկ տրվող մեկամսյա ժամկետը շատ քիչ է՝ հաշվի առնելով գործերի ծավալը։ Գործեր կան, որ երեք տարվա ուսումնասիրությունը մի քանի հազար թերթից է բաղկացած, հետևաբար ողջամիտ ժամկետ չէ դրանց եկամուտների օրինականությունը հիմնավորող ապացույցների ներկայացումը մեկամսյա ժամկետում կամ ապացույցների ներկայացումից հետո բանակցելը իրավասու մարմինների հետ ենթադրյալ հաշտության մասով։ Այն գործիքակազմը, որը դրվել է՝ որպես հիմք, արդյունավետ չէ։ Մեկամսյա ժամկետը նաև վարույթի արդյունավետության տեսանկյունից օբյեկտիվ հնարավորություն չի տալիս արդյունավետ պաշտպանության համար, անհիմն վարույթները դատարան չմտնելու և հաշտության բանակցություններ վարելու համար»։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք մինչև 1991 թվական հետ գնալու պրակտիկան կշարունակվի՞, Վարազդատ Ասատրյանն այսպես պատասխանեց․ «Օբյեկտիվորեն չի կարող իրավասու մարմինը ուսումնասիրել միայն գույքի ձեռքբերման ժամանակահատվածը ու գնահատական չտալ, թե մինչև այդ գույքի ձեռքբերումը ինչ գույքային դրություն է ունեցել։ Հետևաբար այստեղ օրենսդրական բաց կա հետ գնալու և ուսումնասիրության տարանջատման տեսանկյունից, գույքի ծավալը, գույքի դրությունը պարզելը մի գործողություն է, մյուսը՝ գույքի բռնագանձման գործողություններն են։ Դրա որակման համար պետք է օբյեկտիվ հիմքեր լինեն։ Դրա համար ամբողջ կյանքը պետք է ուսումնասիրության առարկա դառնա։ Պետք է կապ լինի հանցանքի և պաշտոնը ստանձնելու հետ։ Այն մոտեցումները, որ հիմա որդեգրվում են իրավասու մարմնի կողմից, բան չեն փոխելու։ Պաշտոնը ստանձնելու պահն է դիտարկվելու, այլ ոչ թե համապատասխան հանցանքը կատարելը։ Այն պաշտոնյաները, որ 1991-ին եղել են պաշտոնատար անձ, նույն տրամաբանությամբ կշարունակեն մնալ այդ նույն դաշտում, և 90-ականների գույքային զանգվածը կշարունակվի բռնագանձման օբյեկտ հանդիսանալ՝ հաշվի առնելով այդ ժամանակի ապացույցների պահպանման խնդիրը, պետության քաղաքական մոտեցումները։ Պետությունը չպետք է այդքան ռեսուրսներ ծախսեր, փորձեր հասկանալ, թե 30 տարի առաջ ինչ եկամուտներ են ունեցել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի