2025թ․ մայիսի 22-ին տեղի ունեցավ Շրջակա միջավայրի ժնևյան ցանցի (Geneva Environment Network – GEN) կողմից Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը։ Այս տարվա միջոցառումը կենտրոնացած էր «Ներդաշնակություն բնության և կայուն զարգացման հետ» թեմայի շուրջ՝ ընդգծելու կենսաբազմազանության և Կայուն զարգացման նպատակների միջև կապը։
Միջոցառմանը տեսաուղերձով հանդես եկավ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյկերը, ելույթով՝ Ժնևում Սլովենիայի մշտական ներկայացուցիչը, միջազգային կազմակերպությունների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ ներկայացնելու և մտքեր փոխանակելու բազմակողմանի համակարգի՝ բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ուղիների վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունների միջկառավարական գիտական-քաղաքական հարթակի (IPBES) կողմից մշակված երկու կարևոր գիտական զեկույցներ՝ Կենսաբազմազանության, ջրի, սննդի և առողջության փոխկապակցվածության մասին (Nexus Report) և Կենսաբազմազանության կորստի խորքային պատճառների և փոփոխությունների մասին (Transformative Change Report)։
Կարդացեք նաև
Դեսպան Տոլմաջյանը, շնորհավորելով ներկաներին Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, իր խոսքում ընդգծեց Հայաստանի հանձնառությունը կենսաբազմազանության պահպանմանն ու դրան ուղղված միջազգային ջանքերին։ Ընդգծեց, որ Հայաստանը, լինելով բազմազան էկոհամակարգեր ունեցող երկիր, գիտակցում է իր պատասխանատվությունը՝ ոչ միայն պահպանելու իր հարուստ բնական ժառանգությունը, այլև զգալի ներդրում ունենալու բնապահպանական կայուն զարգացման շրջանակներում գլոբալ համագործակցությանը։
Դեսպանը ներկայացրեց նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ Հայաստանը կանի հնարավորը, որ այն ևս մեկ նշանակալի նվաճում հանդիսանա համաշխարհային ջանքերում՝ ուղղված մինչև 2050թ․ բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին հասնելուն։
Եզրափակելով խոսքը՝ դեսպանը համարձակ որոշումների, արդյունավետ գործողությունների և միասնական աշխատանքի կոչ արեց, որպեսզի ապագա սերունդները ժառանգեն կյանքով լի, բնական գեղեցկությամբ հարուստ և էկոլոգիապես հավասարակշիռ մոլորակ։
GEN-ը շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով ավելի քան 100 կազմակերպությունների համագործակցային հարթակ է, որը հիմնադրվել է 1999թ․-ին և նմանատիպ թեմատիկ հարթակներից ամենահինն է (https://www.genevaenvironmentnetwork.org/ )։ Այն մասնագիտացած է թեմատիկ միջոցառումների, կոնֆերանսների և այլ միջոցառումների անցկացման, ինչպես նաև շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։ Կառույցի քարտուղարությունը ֆինանսավորվում է Շվեյցարիայի շրջակա միջավայրի դաշնային գրասենյակի և կառավարվում ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կողմից։
Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչություն