«Արդարադատության համակարգը ՀՀ-ում չվերականգնվեց․ այն, որ ոտնատակ էր տրված մինչև 2018-ը, շարունակում է ոտնատակ մնալ»,-Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գրասենյակում անցկացված «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրության և քննարկման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Ֆիլմը նվիրված է ընտրովի արդարադատությանը։ Ֆիլմի հեղինակը Լիլիթ Ավագյանն է։
Ըստ Արթուր Սաքունցի, եթե Մնացական Մարտիրոսյանը Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, որը քաղաքական որոշումներով ազատազրկումներ էր կատարում նույն Նիկոլ Փաշինյանի օրոք, ուրեմն ՀՀ-ում արդարադատության համակարգը չի վերականգնվել․ «Ինքը հիմա պատրաստ է քաղաքական պատվեր կատարել։ Նույնիսկ, եթե չասեն էլ, դիրքավորված է, որ իշխանությունների ակնկալիքը բավարարի արդարադատության բնագավառում։ Սա ուղղակի հանրության կողմից արդարադատության նկատմամբ վստահության խիստ ցածր մակարդակ է, որը եղել է մինչև 2018-ը։ Եվ մեր գործընկերների բոլոր ջանքերը, դատավորների բարեվարքություն ասածը և այլ մեխանիզմները՝ վեթինգ և այլն, տեղի չունեցան։ Էդ վեթինգ ասածը գիտեն՝ բոբո է, բայց դա դատական համակարգում մթնոլորտ փոխելն է»։
Արթուր Սաքունցի նկարագրմամբ՝ դատարաններում մի խումբը նախորդ իշխանության նշանակված դատավորներն են, մյուսը՝ ներկայիս իշխանության նշանակածները․ «Ձայների ֆորմալ մեծամասնությամբ հարցեր են լուծվում։ ԲԴԽ-ն էլ կարգապահական վարույթի պրակտիկան է կիրառում, որի դեպքում էլի ընտրովի արդարադատության ենք ականատես լինում նույնիսկ դատավորների կարգապահական հարցերով։ Սա ամենամեծ ձախողումն է, որը այս իշխանության քաղաքականությանը կարելի է վերագրել 2018-ի հեղափոխությունն իրականացրած ՀՀ քաղաքացիների ակնկալիքների նկատմամբ։ Սոցիալական արդարության դեֆիցիտն էր դրա հիմքում, որի հետևանքով էլի մարդիկ թողնում, գնում են։ Նոր օրենքներ են ընդունում․18 միլիոն՝ բանակում 4 ամսվա ծառայության դիմաց։ Փաստորեն դրանով ընդունում են սեփական քաղաքականության վնասակար հետևանքները և փորձում են հերթական անգամ կոմպենսացնել»։
Կարդացեք նաև
Փաստելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիմումի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի վարքագծի հետ կապված, Արթուր Սաքունցն ասաց․ «Տեսնենք՝ ինչ կլինի։ Գոնե արտադատական ճանապարհով գնահատական կտրվի իր հայտնի ելույթի բառապաշարի տեսակետից, թե ինչքանով է դա հարիր։ «ԿԲԳ-ի պադվալները լցնելն» արտահայտությունը նշանակում է խոստովանել, որ ԱԱԾ-ն իշխանության նկատմամբ հանդիսանում է ԿԳԲ։ Էլ ինձ պետք չէ լրացուցիչ փաստարկ ունենամ։ Ես մտածում էի, որ միտումը կա, որ բոլոր դեպքերում ԱԱԾ-ն ԿԳԲ չէ՝ չնայած ընկալման առումով փաստացի գտնում ենք, որ ԿԳԲ է։ Էդ ի՞նչ բան է, ո՞վ է գործադիր իշխանության ղեկավարը, որ կարող է մարդկանց ազատազրկման վերաբերյալ նման համարձակ արտահայտություն անի՝ չունենալով վստահություն, որ դատական համակարգը նման որոշում կկայացնի։ Սա է պատկերը։ Սա մեզ պետք է մղի ոչ թե անընդհատ արձանագրողի դերում հանդես գալ, այլ շարունակենք մեր պահանջների ներկայացումը, քանի որ արդարադատությունը բոլորիս շահն է։ Արդարադատությունը անվտանգության հիմնասյունն է»։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Երիցյանն էլ նշեց՝ արձանագրում են, շուրջ 4-5 տարի է երիտասարդների մոտիվացիան մասնակցելու և քաղաքացիական ակտիվությամբ զբաղվելու սրընթաց վայրէջք է կատարել՝ մասնավորապես 2018-ից և հատկապես 2020-ից և 2023-ից հետո․ «Երբ երիտասարդներին հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը, պարզվում է՝ դրանք շատ են․ վախը ապագայի նկատմամբ, մոտիվացիայի պակասը ինչ-որ բան անելու։ Մարդիկ հասկանում են, որ իրենցից բան կախված չէ։ Այն գլոբալ հարցերը, որ իրենց շուրջ են՝ պատերազմ, տեղահանություն, դրանք իրենց կողքով են անցնում, և իրենք դրանց վրա ազդեցության լծակ չունեն։ Նույնը քաղաքական գործընթացների մասնակցության հարցում հետաքրքրության պակասն է։ Բոլոր երկրներում ինչ-որ բան փոխելու լավագույն ձևը քաղաքական մասնակցությունն է, բայց ՀՀ-ում մեր հարցումները ցույց են տալիս, որ մեկ տոկոսն է երիտասարդների հետաքրքրված որևէ քաղաքական գործընթացի մասնակցել։ Քաղաքականությունը համարում են կեղտոտ, որտեղ ձգտելու տեղ չկա, այն մարդիկ, որոնք քաղաքականության մեջ են, իրենց շատ վարկաբեկել են։ Համայնքային ծրագրեր անելուն, բնապահպանական ծրագրեր անելուն են հակված, երիտասարդները հակված են փոխել այն, ինչ իրենց սրտին, հոգուն մոտ է։ Հակված են այն խնդիրները լուծել, որոնք ավելի հասկանալի ու ընկալելի են։ Արդարադատությունը, ցավոք, այդ խնդիրներից մեկը չէ։ Այն մեծ համակարգ է, որ երիտասարդները մտածում են՝ դրա փոփոխության վրա ազդեցություն ունենալ չեն կարող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ