Մայիսի 22-ին Երևանում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնակցությամբ կայացավ հանդիպում Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի և դասախոսների հետ։
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց մոտ 30-ամյա բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին և աշխատակիցներին հրավերն ընդունելու համար։
Կարդացեք նաև
Ավանդույթի համաձայն՝ ելույթը Տերունական աղոթքով սկսեց ԱԹ առաջնորդը։ Սրբազանն իր խոսքում ասաց՝ նախատեսած է շատ հանդիպումներ ունենալ Արցախի հետ առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների, անհատների հետ։ Նման հանդիպումների նպատակը՝ աշխատել տունդարձի համար։
Այս առումով կարևորեց 2 խնդիր՝ առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել մեր պետականությունը։
Թեմական խորհրդի գրասենյակի աշխատանքների մասին ներկայացրեցին խորհրդի անդամներ՝ գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանը, ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, արտաքին կապերի ներկայացուցիչներ Արմինե Ալեքսանյանը և Կարեն Միրզոյանը։
Իր խոսքում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դ․ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, կարևորեց նման հանդիպումները՝ հավաստիացնելով միշտ են պատրաստ լինելու եկեղեցու կողքին։
Վերջում ներկաներն աղոթք հնչեցրեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների համար։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ