Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր սերունդը չի կարող թողնել, որ իր գոյության օրերին մենք կորցնենք մեր հայրենիքի մի մասը՝ ոչ թե օտար կայսրության, այլ սեփական պետականության պայմաններում. «Հրապարակ»

Մայիս 24,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, հավատո՞ւմ եք Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորությանը՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում:

– Ոչ, չեմ հավատում: Ես քիչ թե շատ՝ որպես մարդ, քաղաքացի, գործիչ, պատմաբանի որդի, առնչվել եմ այսօրվա իրական Ադրբեջանին, նրա ղեկավարների քաղաքականությանը եւ մոտեցումներին: Իրենք կանգ չեն առնելու՝ իրենց ավագ եղբոր հետ մեկտեղ: Իրենք շարունակելու են իրենց ուղղահայաց իջեցումը Հայաստանի վրա, երբ պետք է՝ զենքով կանեն, երբ պետք չէ, դրան չեն հասնի, որովհետեւ Հայաստանի նման իշխանությունն արդեն առանց զենքի է ամեն ինչ զիջում: Այս վիճակում, երբ ուժերի հավասարակշռությունը, ռազմավարական բալանսն այնպիսին է, ինչպիսին որ կա, երբ Հայաստանն առանց որեւէ շրջապատի, առանց ուրիշների հետ շահերի համադրման է, իսկ մյուս կողմում Թուրքիան ու Ադրբեջանն են, այդպես շարունակվելու է: Սա առնչվում է նաեւ այն վիճաբանությանը, թե խաղաղության որ առաջարկն էր ավելի լավը: Դուք գիտեք, որ ես՝ որպես արտգործնախարար, որպես միջազգային իրավաբան եւ հայ մարդ, կողմնակից եմ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ որպես սկզբունք, որը թույլ կտար ուրիշ պետություններին Հայաստանի օրինակը դիտարկել։ Իհարկե, կարծիք կար, որ դա կբերի պատերազմի, մինչդեռ Ադրբեջանը միշտ է նախապայման դրել, ասել է, որ Արցախը երբեք անկախ չի լինելու, բայց մենք բանակցային պրոցեսը շարունակել ենք:

Ես կարող եմ ասել, որ ժամանակի մեջ հերթով այդ բոլոր առաջարկները չէին համապատասխանում հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի շահերին, բոլորը հավասարապես վատն էին, բայց եթե մենք վերցնենք հետադարձ հայացքով՝ առանձին-առանձին, կասենք, որ դրանից որեւէ մեկն էլ որ լիներ, մեզ համար հրաշալի կլիներ: Մեր սերունդը չի կարող թողնել, որ իր գոյության օրերին մենք կորցնենք մեր հայրենիքի մի մասը՝ ոչ թե օտար կայսրության, այլ սեփական պետականության պայմաններում: Առաջին անգամն է մեր պատմության մեջ, որ Արցախում հայ չի ապրում: Սա հզոր պատասխանատվություն է, ունի իր գրադացիաները, բայց հանցանքի, պատասխանատվության շատ հստակ բուրգ կա՝ առաջին հերթին, առանց որեւէ բայց-երի՝ գործող իշխանն իր խմբով է պատասխանատու, հետո՝ միայն մենք՝ որպես քաղաքացիներ, նախորդ իշխանությունները, օտար դերակատարները՝ իրենց շահերին համապատասխան: Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատվությունը պատկանում է մեզ, որ թույլ ենք տվել այս վիճակը, եւ առաջին հերթին վարչապետին, որը տվել է այդ երդումը, որ այսպես չլինի:

– Դուք ունե՞ք պատկերացում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից:

– Ունեմ պատկերացումներ, բայց չունեմ կանխակալ, մարգարեներից ստացած ինչ-որ հրահանգ, ի տարբերություն ուրիշների, որոնք այդ մարգարեների հետ խոսում են: Կարծում եմ՝ հնարավոր բոլոր եղանակներով պետք է այդ պայքարը գնա, որովհետեւ գործոնները միշտ փոփոխական են, եւ կարող է ինչ-որ մի տարածության ու ժամանակի մեջ գործոնների այնպիսի խաչմերուկ լինել, որը կանխատեսելի չէ, ուստի կարծում եմ, որ քաղաքացու մասնակցությունից մինչեւ մասնագիտական գործունեություն, հանրային պոռթկումից մինչեւ ընտրական եւ խորհրդարանական գործընթացներ, այդ ամենը պետք է դիտարկվի, բայց, ցավոք, որ հիմա նայում ենք, այդ ամենը հիմա ավելի  բացասական, պառակտիչ տպավորություն է թողնում, քան միավորող: Այս տարիների ընթացքում «Ժառանգություն»-ը, ես՝ անձամբ, մեր գրասենյակում փորձել ենք լուռ, առանց հանրային կամ տեղեկատվական մեծ գովազդների, հավաքել ամենատարբեր հոսանքներին, գործիչներին՝ ժողովրդին ցույց տալու համար, որ կարելի է ունենալ ռազմավարական նշանակության եւ հավաքական պատասխանատվության վրա հիմնված այլընտրանք, որ երբ հարցը հնչի՝ եթե ոչ ինքը, ապա ո՞վ, ցույց տանք, որ դա հարցադրում է, որը կարելի է լուծել: Ցավոք, մեր տարատեսակ փորձերը չեն պսակվել հաջողությամբ, տարբեր պատճառներով՝ անձնական, գուցե ժամանակն էր սխալ ընտրված, գուցե ես էի սխալ վարում ժողովը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031