12 տարի առաջ հիմնադրված «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության (ՌՀԲՀԿ) հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) նախաձեռնությամբ ու ջանքերի շնորհիվ հաճախ են կազմակերպվում ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված հայ ռազմարվեստի ներկայացուցիչներին, այլոց, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր պետականության կայացման գործում։
Հերթականը կայացավ 2025թ․ մայիսի 19-ին Կույրերի միավորման մեծ դահլիճում։ Մեծարման երեկոն նվիրված էր «Անդրանիկի Արծիվներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության (ՌՀՀԿ) «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանին և նրա հրամանատարությամբ գործած ու գործող քաջորդիներին։ Երեկոն, ավանդույթի համաձայն, վարեց հանդիսավար, ասմունքող Աննա Կոստանյանը՝ սկսելով Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությամբ և 1988թ․ Արցախյան շարժման վերելքի մասին հիշեցնելով։
Կարդացեք նաև
Սկզբում հնչեց ՀՀ Օրհներգը, դահլիճ բերվեցին ՀՀ և ԱՀ պետական, ինչպես նաև մասնակից կառույցների դրոշները, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Հայոց երկրի սահմանների պաշտպանության ու ազատագրական մարտերում ընկած քաջորդիներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Կարո Կարապետյանի թոռը՝ Կամո Ադամյանը։ Ընթացքում համերգային ծրագրով ելույթ ունեցան երգիչներ Արսեն Համբարյանը, «Հայ-Լաո» դուետը՝ երկվորյակ եղբայրներ Վարդան-Տիգրան Թադևոսյանները, Հրաչյա Միքայելյանը։ Հնդիսատեսին իրենց ցուցադրական ելույթներով ոգևորեցին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի (դասղեկ՝ Նելլի Դավթյան) և «Միհր» մշակութային կրթամարզական ՀԿ սաները՝ Գոռ Մանուկյանի ու Ալեքսանդր Սահակյանի գլխավորությամբ։
Ինչ խոսք, հրաշալի է բեմում տեսնել մեր փոքրիկներին, ովքեր նվիրումով էին հանդես գալիս որպես հայրենիքի ապագա զինվոր, ու չհուզվել, չսիրել նրանց ու չանմահացնել յուրաքանչյուր ելույթ-դրվագ։ «Միհր» կազմակերպությունը հիմնադրել է Գոռ Մանուկյանը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ավարտից հետո։ Նույն պատերազմի ողջ ընթացքում Գոռն ու իր ընկերները մեծ աջակցություն ցուցաբերեցին արցախցիներին, սակայն տխուր ավարտ ունեցող պատերազմը հուշեց՝ պետք է աշխատել հայ մանուկների, երիտասարդների հետ՝ անկախ սեռից և սերմանել հայեցի արժեհամակարգ։
Արդեն 5-րդ տարին է, ինչ «Միհր»-ի հարյուրավոր սաներ դաշտային պայմաններում, ճամբարներում, արշավների մասնակցելով, դպրոցում, արտադպրոցական պարապմունքների ժամանակ դաստիարակվում են այդ արժեքներով։ «Միհր»-ը մասնաճյուղեր ունի նաև մարզերում։ Եվ պատահական չէ, որ 2-րդ դասարանցիները սիրով են մասնակցում պարապմունքներին ու հանդես գալիս՝ ցուցադրելով իրենց սովորածը։ Բեմ բարձրացան նաև «Վալենս» պարային համույթի պարուհիները (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան, պարուսույցներ՝ Հերմինե Սարգսյան, Խաչատուր Չորչոլյան)։ Երեկեյին ներկա էին զինվորականներ, Հերոսածին մայրեր, Անմահ հերոսների կանայք, դուստրեր, հարազատներ։ «Վահագն»-ի ղեկավարի կազմակերպած յուրաքանչյուր նման միջոցառման ժամանակ ավանդույթ է դարձել «Հայոց Իշխանի Շղթա»-ի հանձնումը, որը տրվում է փոխանցումով, և այն նախօրոք կրողները, ձեռքից ձեռք փոխանցելով, հանձնում են հաջորդ նվիրյալին։
Այս անգամ «Հայոց Իշխանի Շղթա»-ն հանձնեցինք Արգիշտի Գալստյանին։ Ընթացքում «Անդրանիկի Արծիվներ» ՌՀՀԿ «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանը և «Էջմիածնի Ազատամարտիկների Միություն» ՌՀԲՀԿ հիմնադիր նախագահ Հրաչյա Մանուկյանը կնքեցին համագործակցության հռչակագիր։ Ավանդույթի համաձայն՝ եղավ նաև պարգևների հանձնում։
«Արցախի առյուծ» կամավորական ջոկատի նախագահ գեներալ Արմեն Հարությունյանը, Գրիգոր Սյունի Գրիգորյանը և «Արծիվ-30 Արարատ մահապարտներ» ՀԿ նախագահ Վարազդատ Մկրտչյանն իրենց ղեկավարած կառույցների կողմից պարգևներ շնորհեցին Ա․ Հարությունյանին, Մորուք Կարոյին, Անմահ հերոսների հարազատներին։ Պարգևի արժանացավ նաև ռազմական կինոռեժիսոր, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի, «Չկրակված փամփուշտներ» գեղարվեստական ֆիլմի հեղինակ Սամվել Թադևոսյանը, ով նույն երեկոյի ընթացքը ևս վավերագրում էր։
Մարտական բազում առաջադրանքներ կատարած հետախույզ Սևակ Հարությունյանն ու Ալեքսանդր Սահակյանը պատրաստակամ տեսակի և անմնացորդ նվիրման համար նույնպես արժանացան պարգևների։ Առավել հուզումնալի էր բեմում տեսնել պարգևների արժանացած սևազգեստ ու զինվորական հագուստով կանանց։ 2023 թվականին 1 օրվա տարբերությամբ նահատակվել են Ալլա Կամոյի Ստեփանյանի Արսեն և Սամվել որդիները։ Հերոսածին մայրը շնորհակալագրերի արժանացավ «Անդրանիկի Արծիվներ», «Վահագն», «Էջմիածնի ազատամարտիկների միություն» կազմակերպությունների կողմից։ Նշված հասարակական կառույցների կողմից պարգևների արժանացան շատերը՝ զինվորականներ, կառույցների աջակիցներ, արվեստի գործիչներ, այլք։ Անդրանիկ Հարությունյանին «Կազակների» (ЗАКАВКАЗСКОЕ КАЗАЧЬЕ ВОЙСКО) նախագահ, գեներալ-գնդապետ Գրիգոր Գևորգյանի (Մախնո) ձեռամբ շնորհվեց Կազակների գեներալ-մայորի կոչում: Երեկոն ավարտվեց «Հայ-լաո»-ի և փոքրիկ «Զատիկներ» խմբի համատեղ երաժշտական կատարումով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ