Վայոց ձորի մարզում արջերի քանակի ավելացման պայմաններում գյուղացիները լուրջ կորուստներ են կրում ամեն տարի։ Բայց գյուղացիների խոսքով, դեռեւս փոխհատուցում չեն ստացել եւ հայտնի չէ, թե երբ կստանան։
Եղեգիս համայնքի Շատին գյուղում գործող բեզոարյան այծերի դիտակետի հիմնադիր Մելիք Մաթեւոսյանի տունը գյուղին հարակից ժայռերին ամենամոտն է։ Այստեղ գալիս են հյուրեր Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից՝ դիտելու, թե ինչ կենդանիներ կան հարակից ժայռերում։ Մելիք Մաթեւոսյանն ասում է՝ վերջին տարիներին արջերի թվի ավելացմանը զուգահեռ նվազում է բեզոարյան այծերի թիվը։ Մեր այցելության պահին զբոսաշրջիկների խումբ էր եկել դիտակետ՝ դիտելու բեոզորյան այծերին, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ նրանց տեսնել։
«Քարայծի ուլիկներին է տանում արջը։ Եթե ուլիկը մի 10 օր գոյատեւի, էլ ոչ մի տեսակի արջ նրան չի հասնի, ծնվելուց մի կես ժամ անց ուլն ուզում է քարի վրա բարձրանա։ Իրենք շատ արագ ոտքի են կանգնում, ինքը մի տեսակ ձգտում է բարձունքի վրա բարձրանալ։ Եթե քարայծերն ուլ են ունենում, այդ տարածքում պետք է պարտադիր երեք օր մնան, որ ուլը մի քիչ ուժեղանա, հետո նոր տանեն տարածքից։ Հավանաբար այծերն էլ տարիների ընթացքում հասկացել են, որ այստեղ վտանգավոր է ուլ ունենալ, իրենք տարածքը լքել են, չկան հիմա։ Արջերը երեւի հոտով են ուլերին գտնում, մայր այծը փախչում է, ուլերին հոշոտում են։ Հունիսից, երբ թութը հասնում է, եւ արջերը ներխուժում են գյուղեր, այծերը ռիսկ են անում, արդեն կամաց-կամաց իջնում են գետ։ Եթե մի ժամանակ դիտակետում ֆիքսում էինք, որ մի 20 հատ այծ էր գնում, իրենց հետ մի 25 հատ ուլ, հիմա եթե մի 20 այծ տեսնենք, 3, 4, 5 ուլ հազիվ լինեն։ Այսինքն՝ այս տարածաշրջանում կա արջերի քանակի աննախադեպ ավելացում, որին զուգընթաց այծերի քանակը նվազում է։ Ես 20 տարի է՝ այստեղ եմ ապրում, այդ միտումը տեսնում եմ։ Թե սրա վերջը ինչ կլինի, չգիտենք։ Բազմիցս տեսել ենք, որ հարձակվում է ուլերի վրա, այծը փախնում է, ուլերին հոշոտում է»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիք Մաթեւոսյանը։
Կարդացեք նաև
Նա վերջին անգամ արջ տեսել է ապրիլի վերջին։ Մատնացույց է անում տան բակը․ «Այստեղ եմ բռնացրել՝ խոտ ուտելուց։ Ինձ տեսնում է, չի վախենում, նայում է, բայց չի էլ հարձակվում։ Իրենք ագրեսիվ չեն, արջերի այս տեսակը ագրեսիվ չէ, մենք էլ համարյա չենք վախենում։ Տարբեր արջեր են գալիս գյուղ։ Մեր նկարահանող սարքերը ցույց են տալիս, որ տարբեր արջեր են։ Օր է եղել, քոթոթներով է եկել, օր եղել՝ երկու արջ են միջին չափսի, էն մեկն էլ ամենամեծն է, առանձին է ման գալիս։ Մեկ-մեկ էլ գոռգոռում են իրար վրա, տարածքի կռիվ է լինելում։ Այս տարի տարածքում միանգամից հայտնաբերել ենք 8 հատ արջ՝ տարբեր չափսերի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք հաշվարկով ամենաշատ թվով արջեր Շատին գյուղի հարակից տարածքում են։
Արջերի գործողությունները գյուղացիների համար սովորական են դարձել։ Մելիք Մաթեւոսյանի խոսքով՝ նախկինում յուրաքանչյուր դեպքի մասին ահազանգում էին պատկան մարմիններին, սպասում, որ իրենց կրած վնասների համար պետք է փոխհատուցում կրեն։ «Այնքան վնասներ է տվել, որ հիմա այդ մասին էլ գյուղում չեն էլ խոսում։ Մի ժամանակ անընդհատ ահազանգեր կային՝ հարձակվեց հավերի վրա, հարձակվեց ծառերի վրա, անմիջապես ԱԻՆ էինք զանգում։ Ես էլ մի քանի անգամ զանգել եմ, բայց երբեւիցե փոխհատուցում չենք ստացել՝ ոչ ծառերի համար, ոչ հավերի համար, ոչ էլ մեղվափեթակների։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ եթե գա ու ջարդի ծառերս, էլ ոչ մեկի չեմ ասի, որովհետեւ ոչ մի փոխհատուցում չեն տալիս»,- հավելեց նա։
Գյուղում կան մարդիկ, որոնք հողամասեր ունեն, բայց հրաժարվել են իրենց հողամասից, ծառերից՝ հաշվի առնելով արջերի հարձակումները։ «Իմ գիլասը ծառը մի քանի տարի առաջ այն օրը գցեց, որ․․․ Այստեղ էի, մտա տուն, 10 րոպե հետո դուրս եկա, գիշերվա ժամը 10-ի կողմերն էր, տեսա ծառի ճյուղերն արդեն դրել է գետնին։ Եվ շատ մեծ արագությամբ է ինքն այդ գործողությունը կատարում։ Փորձել եմ թթի ծառի բունը մետաղական փշալարով փաթաթել, միեւնույն է, ինքը տեղերը գտնում ու բարձրանում է։ Թութը, որ ինքը ուտում է, ոչինչ, մեզ էլ է բաժին մնում, բայց որ բարձրանում է ծառի վրա, սկսում է ճյուղերը ջարդել, այ վնասը դա է։ Հատուկ սարք ունենք, ինքը հենց գալիս է, իմ հեռախոսն ինձ խաբար է անում, այսինքն՝ սմս է գալիս իմ հեռախոսի վրա, որ արջը ստեղ է։ Արջի անցման տեղերն ինքն անարգել անցնում է, եթե փորձենք այդ անցման տեղերը փակել, ավելի վատ, ինքը կջարդի։ Այսինքն՝ ազատ մտնում է մեր տարածքներ, մյուս կողմից էլ ազատ դուրս է գալիս, իրեն արգելել չի լինի, չի ստացվի։ Ես իրեն վախեցնելու համար փորձել եմ օդ կրակել, բայց ինքն այդքան էլ չի վախենում։ Եթե ես քար եմ գցում արջի ուղղությամբ, այդ քարի ձայնից ավելի է վախենում, քան հրացանի ձայնից, որովհետեւ ինքը վնաս չի զգում դրանից։ Արդեն շատ են մոտեցել մեզ, նաեւ ցերեկով են գալիս, քանի անգամ հանդիպել են գյուղի կենտրոնում։ Իրենց համար տարբերություն չկա, թե գյուղի որ մասն է, գիշերն իրենք ազատ մտնում են գյուղը։ Ասում են՝ պիտի գոռաս, որ փախնի, գոռալուց ինքը մի քիչ վախենում է, մի քիչ արագ է գնում։ Երկու անգամ բարձրացել է մեր բալկոն, մի անգամ ուշ աշուն էր, բավական մեծ արջ էր, նայեց ինձ, գոռացի վրան, գնաց։ Մենք իրենց վնասելու իրավունք չունենք, չենք վնասում, բայց ինքը անարգել մտնում է մեր հողամասեր, գյուղի կենտրոն»։
Գյուղացիներն ուսումնասիրել են նաեւ արջերի բնավորությունը, գիտեն նրանց հետագա քայլերը։ Մելիք Մաթեւոսյանի խոսքով՝ եթե արջն այգում հայտնաբերում է վաղահաս խաղող, ինքը գալիս է այն ժամանակ, երբ խաղողը հասած է, որ ուտի․ «Ուրիշ բաների ձեռք չի տալիս, գալիս է ուղիղ այդ խաղողի վրա։ Եվ այն խաղողը, որն այնտեղ ունեմ, դա արդեն իմը չէ, ես չեմ հասցնում հավաքել այդ բերքը, նախքան մեզ հասանելի լինելը արջն արդեն տանում է»։
Մարդիկ հաշտ չեն այն մտքի հետ, որ արջերի հետ են կիսում իրենց բերքը, բայց նաեւ հարցադրում են անում․ «Բայց ուրիշ ելք կա՞, ինչ եք առաջարկում դուք։ Մեր բերքի շատը ինքն է տանում, տեղեր կան, որ ծառերի վրա ընդհանրապես ոչինչ չեն թողնում։ Խաղողը հասնում է, ինքը խաղողը կերավ-կերավ, եթե խաղողը լրիվ վերջանում է, նոր անցնում է խնձորին»։
Գյուղացիները ստեղծված իրավիճակում չգիտեն՝ ինչ լուծում առաջարկեն, բայց ակնկալում են, որ պետական մարմինները պետք է այս խնդրին լուծում տան։ Գիտեն, որ արջին սպանելը մեղք է, նաեւ՝ արգելված։ «Արջն իր երեխաներին բերել է այստեղ, որպեսզի սնվեն, քանի որ այնտեղ բան չկա ուտելու, եւ դուր կրակես, սպանես։ Մեզ համար ընդունելի չէ դա։ Ցանկալի կլիներ, որ արջերի մի մասին լիկվիդացնեին, տարբեր հնարքներ կան, տանեն առանձին պահեն եւ այլն։ Գերմանացիները, երբ գալիս են այստեղ, ասում են՝ մեր երկրում արջ չկա։ Մի ժամանակ, երբ քանակը քիչ էր, խնդիր չէր»,- նշեց նա։
Մելիք Մաթեւոսյանն ասում է, որ չնայած այս խնդիրներին՝ չի պատրաստվում փոխել բնակության վայրը․ «Ամեն օր ուզում ենք այս բնությունը տեսնել, ատում ենք արջին, բայց նաեւ արջին ուզում ենք տեսնել այս տարածքում։ Այծերին տեսնելն էլ մի ուրիշ հաճույք է։ Այստեղ աղմուկ չկա, փոշի չկա, հոգիդ թեթեւանում է, անմիաստ է լքել այս տարածքը, թեկուզ եթե արջը ոչինչ չթողնի այստեղ»։
Եղել են դեպքեր, երբ արջերը նաեւ մարդկանց են վնասել այս տարածաշրջանում։ Մելիք Մաթեւոսյանը մի քանի դեպք հիշեց․ «Գարնանը մարդիկ գնում են դաշտ, մի քանի տարի առաջ բոխի հավաքելու գնացած գյուղացու վրա էր հարձակվել։ Թաթը գցել էր, քթի մի մասն էր տարել, թեւն էր ջարդել, հրել գցել էր քարի վրայից։ Փառք Աստծո, այդ մարդը ողջ մնաց։ Տարիներ առաջ դարձյալ մեկ հոգու վրա էր հարձակվել, ընկերը եկել էր, ստիպված կրակել էր արջի վրա։ Արջը սատկել էր, տուժածը շատ վատը վիճակում էր, ոտք ու ձեռք ջարդել էր, կրծել էր մարմինը, բայց տեղափոխեցին Երեւան, փրկվեց։ Նախորդ տարի դարձյալ արջի հարձակման դեպք է գրանցվել, դարձյալ բոխի հավաքելու ժամանակ, այս անգամ էլ գյուղացին ողջ մնաց»։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը մարզ այցելած լրագրողներին ասել էր, որ արջերի հասցրած վնասի ծավալը կրճատվել է․ 2019-2020 թվականներին տարեկան մինչեւ 12 մլն դրամի վնաս է հասցրել մարզին, իսկ հիմա տարեկան 4 մլն դրամ է կազմում վնասի չափը։ Նրա հավաստմամբ՝ գյուղացիների վնասը փոխհատուցելու են։ Իսկ թե երբ են փոխհատուցելու, ոչ ոք չի ասում։
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, սակայն, լրագրողներին ասել էր, որ միայն Եղեգիս խոշորացված համայնքում 2022 թվականից մինչեւ այսօր արջի հասցրած վնասը կազմում է մոտ 29 մլն դրամ։
Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի մասնագետներն ասում են՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ արջերի դեմ պայքարելու լավագույն միջոցը էլեկտրական հովիվների տեղադրումն է։ Վայոց ձորի մարզում այդ ուղղությամբ աշխատաներ են տարվել եւ տարվելու են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ