2024 թվականին «Արմավ» հրատարակչությունը լույս ընծայեց Գագիկ Սարոյանի «Այլ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Գիրքը տպագրվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ (Արա Նախշքարյան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի պատասխանատու) եւ աջակցությամբ՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության բարձր հովանու ներքո։ 2025 թվականին ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության՝ «Պոեզիա» անվանակարգում՝ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։
Ներկայացնում ենք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանի գրախոսականը՝ ժողովածուի մասին։
«Մասրենու մի թուփ տեսա՝
Թեքված ձորի քնքուշ վշվշոցի վրա.
Կարծեցի, թե իմ տաղի
Չգտնված տողն է.
Եկել անդունդի դեմ
Փորձարկում է հոգին». Գագիկ Սարոյան
Ահա պայմանականորեն՝ թվացյալ սկիզբը խորհրդածության.
«Բայց ո՞վ ինձ կասի՝
Ինչո՞ւ է աստղը կաթում ջրերին։
Իսկ գուցե դա էլ իր երազա՞նքն է»։
Կարդացեք նաև
Մտորումների բաց շղթա է ահավասիկ, որտեղ չկա սկիզբ, եւ չկա վերջ։ Անցումն է մի ափից մյուսը՝ սահուն, առանց տատամսելու։ Որտե՞ղ է սիրուհին՝ մի հոգավորը, որտե՞ղ է սիրտը միայնակ, եւ արդյոք որտե՞ղ են թափառում երազներից՝ այսկողմյան ու այնկողմյան զգացումները։ «Իմ երանելի,
Քեզ քանի թռչուն կամենամ այսօր,
Որ գան ու ճախրեն շուրջբոլորը քո,
Քո երկինքները
Զարդարեն թաքուն լուսաբացներով…»։ Ապա՝ «Կածանն ինձ տանի
Եվ լուռ հեծկլտա
Աստղերի համար՝
Ինձանից ընկնող»։ Եվ անշուշտ տխրությունը ամենազոր, ինչին նաեւ մեծագույն ցանկությունն է հաջորդում. «Պատիվ ունեմ
Գնալ մի արահետով
Եվ ուշանալ տխրությունից»։
«Ես գլուխս կախ
Իմ գործն եմ անում՝
Երազում եմ քեզ հայրեն դարձնել…»-ասես եւ սկսում, եւ ամփոփում է գրողը։ Շիրակյան դաշտերի կարմիրը՝ Մինասի կտավներում, Աշոտ Ավդալյանի բանաստեղծություններում եւ այդ ամենը՝ ըստ Գագիկ Սարոյանի։ Աշխարհ, որտեղ ցաքուցրիվ խճանկարը ի մի է բերվում, եւ պատկերը ամբողջանում է։ «Ելնել մի տեղ գնալ,
Ցանկապատին հենվել
Երազանքի…«Կամ՝ «Սուզվել ցավի մեջ,
Այսինքն՝ սիրել,
Սուզվել սիրո մեջ,
Այսինքն՝ ցավը ունենալ սրտում,
Սուզվել սրտի մեջ
Եվ մխիթարվել
Մութ կրակների
Բոցավառությամբ…»։
Բոլոր դեպքերում՝ անպայման մարդ-բնություն կապն է, սերը, տրտմությունը, կարոտը, բայց՝ առաջին հերթին՝ այսօրվա իրողությունները՝ իրենց բնորոշ անորոշությամբ։ Հայրենիք. «Էնքան զուլալ է
Իմ հայրենիքը,
Որ ես այն տվի
Իմ զավակներին…»։ Բայց՝ «Տնքում է երկիրը նաիրական,
Ասես մի թիթեռ է ճախրում
Հողմերի դեմ…»,-մտորումների անսահմանափակ այս եւ «այլ» տարածքում ամենեւին էլ անակնկալ չէին լինելու հեղինակի՝ հայրենի նաիրյան երկրի մասին խոհերը, որոնք այսօրվա ու երեկվա հերթագայությամբ են, արդիական են եւ վաղվան ուղղված հայացքով. «Մատաղ լինեմ քեզ,
Հայրենակա՜ն երգ.
Յոթ պտղունց աղ տուր,
Յոթ կթղա գինի,
Յոթ մաղ արեգնակ…»։
Զարմանալի չէ նաեւ տառապանքի ձորում զնգացող ամեն մի միտքը՝ հայրենիքի զավակի լիարժեք իրավունքով, նաեւ, իր խոսքերով, որպես հակընդդեմ փաստ-իրողություն հայրենիքի ճակատի գիր կոչվածի նկատմամբ, թե՝ «Չեմ տեղավորվում
Ճակատին գրված ոչ մի բառի մեջ…»։ Ապա՝ «Պատիվ ունեմ
Յուղելու իմ հրացանը.
Ով ասես՝ չի ուզում
Մորթել էս ցեղի տաճարները…»։
Չընդհատվող մտահոսք է. խոսում է բանաստեղծը, ինչին իհարկե նպաստում է լեզվական պատկերավորության միջոցների կիրառությունը։ Միտքը հանգում է վերջնակետին՝ ամբողջանալով, ավելին՝ ամբողջանում է գիրքը. ասես ոչ թե առանձին-առանձին, այլ ընդհանրական մի մեծ մտորում է՝ պայմանական բաժանումների ներքին շղթայով։ Հերոսը ինքը մարդն է՝ անձնական, սեփական ապրված զգացողություններով, հույզերով, «ցնորքներով» անգամ, մյուս կողմից՝ մարդը, բանաստեղծը, քաղաքացին՝ մտորումի մեծ եւ փոքր չափաբաժիններով, դիպուկ, լռելու չափ տեղին.
«Պատիվ ունեմ
Արարատի տեսքը տեղավորել
Իմ արյան սպիտակ ու կարմիր մոլորակներում»։ Ապա՝ «Պատիվ ունեմ
Հոգատար լինել հայրենիքին,
Այնպես, որ որդիս զրնգա,
Իսկ աղջիկս մեկ բաժակ ջուր տա Աստծուն»,-խոսքն ամփոփում է բանաստեղծը։
Ուշագրավ է ժողովրդական բանաձեւային բանահյուսական նմուշներից, ինչպես գրողն է ասում, «մոռացված ժանրի կանոններով»՝ անեծքներին անդրադարձը՝ իր տեսակի մեջ ինքնատիպ հայացքով՝ մեր օրերին բնորոշ գրով, հայտնի ու անհայտ դեմքերին, դեպքերին ու իրադարձություններին, խորհրդանիշներին յուրօրինակ մոտեցմամբ, եւ կարեւորը՝ բոլորը, հեղինակի գրչով միջնորդավորված, ուղղված են հենց իրեն՝ հեղինակին։
Զուգահեռ ինքնօրինակ օրագրային պատառիկներ են գրքի «Օրվագիր» խորագրով շարքում։ Մեր օրեր. 2020-2021 թվականների իրադարձությունների՝ նույնքան զգայուն անդրադարձը՝ ամեն օրվա յուրատեսակ գրով։
Որպես սկիզբ՝ ողբն է երիցս, ինչը կրկին հույժ հասկանալի եւ ընկալելի է.
«Մայրի՛կ, Սոսե Մայրիկ,
Լույսի սպեղանիներ կդնես
Քո զինվոր զավակների վերքերին,
Կծածկես նրանց հոգիները
Անմահության մարմարե ծաղիկներով
Եվ կռունկե երգեր կշշնջաս նրանց ականջներին»։ Ի վերջո, ասելիքի վերջնակետն ու ակունքը՝ ըստ գրողի՝ «…եւ Խոնարհված Տաճարը
եւ խոցված մարտկոցը հրանոթի
եւ Պապանձված սիրտը բանաստեղծի
Նույն վիշտն են ցուցում»։
Մեծ հաշվով՝ առավել Հայրենիք, քան սեր, դեռ ավելին՝ առավել Հայրենիք, քան պոեզիա։
«Իմ զինանշանը ծիծեռնակի բույն է,
Իմ օրհներգը՝ ձվից նոր դուրս եկած ծիծառի ծլվլոց,
Իմ դրոշը
Տաճար է ծածանվող,
Որի քիվի տակ ապրում է իմ զինանշանը»։ Հետո՝ «Տե՜ր, դու իմ Արարիչը չես,
Դու հայրենիքն ես իմ,
Քանզի ամեն զոհվելուց հետո էլ
Ես վերածնվում եմ քո մեջ
Եվ կրկին ծնվում եմ այստեղ՝
Արարատի դիմաց,
Որ նստած է հրասայլի մեջ
Եվ այրվելու է էլի մի անգամ
Որպես մաքուր թիրախ»։
…Իսկ հետո մնում է բանաստեղծություն առ բանաստեղծություն ներսում ծանրացող՝ Տրտու գետի տրտմությունը ասես, լռելու, հետո ներշնչանքի ամբողջ զորությամբ իմաստնությունը ամենավերջի՜ մասին, պատումը, որ դեռ վերջը չէ, եւ
«…Եվ ընթացքը,
Որ ընդարձակում է
Բացվածքը ահեղ թռչնաթեւերի,
Մի թեւով կյանքում,
Մյուսով մահվան մեջ
Ճախրում են նրանք…
Սակայն մի կարծիր թե վերջն է սա»։
Չկան սահմաններ զգացմունքների, ապրումների, նույնիսկ ժամանակների միջեւ. կա միայն մարդը, ով զգում է այդ ամենը քունքերով եւ սրտազարկով, եւ ապրումի մի տեսակ գրականություն է, որ ամփոփված է զարմանալի եւ ոչ այնքան, այլանուն ժողովածուում։ Գրողը խնամքով էջել է օրերը, եւ բոլորն են ասես օրագրային թերթոններ, որովհետեւ ամեն ապրում իր օրն ունի, ամեն օր իր ապրումն է կնքում թղթի մաքրությանը, եւ ամեն ապրումի օր եկել է հատիկ առ հատիկ ընդհանրացնելու հեղինակի իրական խոհերը հավաստի՝ ծանր ու ոչ թեթեւ իրակությունների մասին՝ նույն՝ մերթ սրտի տրոփով, մերթ էլ՝ քունքի զարկով։
Եվ վերջում՝
«Ես իմ ապրածը
Վստահելու եմ մի գիսավորի,
Ես իմ չապրածը
Վստահելու եմ մի կամավորի,
Եվ թող նա լինի ուրցի հանդերձով,
Եվ թող նա լինի
Արմաղան լեռան լճակի ափին,
Եվ թող նա հսկի հայացքը Աստծո
Յուր գեղեցկությամբ,
Եվ թող նա բուրի,
Ինչպես բուրում է
Հայրենը կանաչ
Հար հայրենական իմ հայրենիքում»։
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
24.05.2025