Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուրեմն, ադրբեջանական նոր քարոզչական լրատվամիջոց է ստեղծվել (AnewZ ), որը ամենայն հավանականությամբ նպատակ է հետապնդում Ադրբեջանի RT-ն դառնալ։ Այդ նորաստեղծ լրատվամիջոցի գլխավոր աստղը Բաքվի ամենահակահիգիենիկ քարոզիչներից է, որն աշխատում էր ակնհայտորեն ֆաշիստական բնույթ ունեցող Caliber.az կայքում ու Լեռնային Ղարաբաղի բլոկադայի ընթացքում բոլոր նորմերը անցնող քարոզ էր իրականացնում հայերի դեմ։
Հիմա այս նորաստեղծ լրատվամիջոցը, չգիտես ինչպես, Vox pop է իրականացնում Երևանի փողոցներում։ Իրականացնողը ակնհայտորեն հայ է։ Գրեթե վստահ եմ նաև, որ հարցվողները չեն տեղեկացվել, որ լրատվամիջոցը ադրբեջանական է։ Պատասխաններից դատելով՝ մարդկանց նաև ադրբեջանցիների վերադարձի հնարավորության մասին հարցեր են տալիս։ Vox pop-ում, որը իբրև իրականացվել է Բաքվում և Երևանում, գերակշռող են հայաստանցիների պատասխանները։
Մեր իշխանություններին, իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին ու եթերագլուխներին թողես, գիշեր-ցերեկ հիբրիդային պատերազմի մասին կխոսեն։ Հիբրիդային պատերազմը այ սա է, տիկնայք և պարոնայք։