Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը ներկայացրեց հունիսին սպասվող մշակութային միջոցառումները: Ի թիվս այլնի, նա տեղեկացրեց, որ մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին «Զանգակ» գրատան համագործակցությամբ Անգլիական այգում տեղի կունենա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոն, հունիսի 1-ին Ազատության հրապարակում կկայանա «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագիծը, որի ժամանակ պատանի երաժիշտները ելույթ կունենան օպերային աստղերի հետ՝ օպերային թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի ընկերակցությամբ:
Հավելեց, որ հունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Երեւանի քաղաքապետարանի պատվերով:
«Բավականին բուռն, միջոցառումներով լի ժամանակահատված է մեզ սպասվում, ունենք բալետային փառատոնը, որի բացումն իրականացնում է Բոլշոյ թատրոնը, ունենք Գինու օրեր, հունիսմեկյան միջոցառումներ Անգլիական այգում, Ազատության հրապարակում: Հետեւապես առաջարկում ենք լինել ակտիվ, մասնակցել այս բոլոր միջոցառումներին, եւ որ ամենակարեւորն է՝ այս բոլոր միջոցառումների համար ուղղակի պետք է ձեր ներկայությունը»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ապա Երեւանի քաղաքապետն ընդգծեց. «Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, բալետային փառատոնի օրերին, դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում գտնվող ռեստորաների հետ, որպեսզի «Բոլշոյ» թատրոնի ներկայացման ժամանակ ռեստորաններից բարձրաձայն կլկլոցներ չլսվեն։ Ցանկալի է, որ բոլորը մի փոքր այդ օրերին համեստ չափի մեջ լինեն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ