«Եղել է պարզ հաշվարկ առ այն, որ ընդդիմությունը ներկայացված էր ավելի մեծ թվով պատգամավորներով, եւ այդ նախագիծը որեւէ պայմաններում չէր կարող դրական եզրակացության արժանանալ։ Այդ պատճառով էլ իրենք իրենց նախաձեռնությամբ տապալեցին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման հետաձգմանը։
Նշենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հետաձգեց այս փաթեթի քննարկումը, որը «բանակից փողով ազատվելու նախագիծ» անունով է հայտնի։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ նույնիսկ պաշտպանության նախարարն էր շենքում, եւ հասկանալի է, որ վերջին պահին տեխնիկական հաշվարկ է կատարվել։
Անդրադառնալով այս նախագծերի փաթեթին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Եթե նույնիսկ դիտարկենք վերջին երեք տասնամյակում զինված ուժերում տեղի ունեցող գործընթացները, ապա 1990-ականներից սկսած՝ հայրենիքին պաշտպանությունն իր մեջ առաջին հերթին ներառել է գաղափարական պայքար, հայրենիքի նկատմամբ անձնազոհություն եւ նվիրվածություն։ Իհարկե, որեւէ պարագայում չեմ ուզում սոցիալական երաշխիքների կամ ֆինանսական մասը չորրորդ պլան մղել, բայց երբ ոչնչացնում ես գաղափարական ֆունդամենտը ու փորձում ես իրավիճակը դիտարկել բացառապես սոցիալական կամ ֆինանսական դաշտում, ապա ակնհայտորեն ինչ նախագիծ էլ բերես, պարզապես տապալվելու է։
Կարդացեք նաև
Ես կբերեմ այն պարզագույն օրինակը, որը դրսեւորվեց մի քանի ամիս առաջ, երբ իշխանությունը բարձրագույն մակարդակով հերոս հռչակեց հարկ վճարողին։ Այսինքն՝ մարդը, որը պատրաստ է իր կյանքը տալ հայրենիքին, ոչ միայն բերվեց հավասարեցվեց այլ մասնագիտություններին, այլ նույնիսկ դարձավ երկրորդական գործող անձ։ Այսինքն՝ հիմնական դրդապատճառները, որոնք ազդում են մարդկանց զինվորական մասնագիտություն ընտրելու, հայրենիքի պաշտպանությանն իրենց մասնակցության որոշման վրա, ամբողջությամբ ոչնչացվել են»։
Ըստ Աբրահամյանի՝ այս նախագծերի փաթեթը խորացնելու է սոցիալական բեւեռվածությունը, հասարակական տարբեր խմբերի մոտ բերելու է մեծ բախումների։ Եվ արդարության սկզբունքն ամբողջությամբ փլուզվում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ