Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։
Կարդացեք նաև
Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի։
Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ