Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի համայնքային 40 մանկապարտեզում այս տարի ներդրված կլինի ռոբոտաշինության ծրագիրը

Մայիս 26,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանյան 10 մանկապարտեզներում ներդրված «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիրն ապացուցեց արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր: Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով: Այս տարի ևս 30 մանկապարտեզի յուրաքանչյուրին երեքական հավաքածու և երեքական պլանշետ կհատկացվի: Առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ:
***
2025թ. ընթացքում Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվել և այս պահին շարունակվում են գործող, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների և ճեմուղիների ընթացիկ վերանորոգման, կառուցման, բարեկարգման մի շարք կարևոր աշխատանքներ: Ծրագրով արդիականացվել են նաև կենդանիների ազատավանդակները: Արդեն մի քանի օրից այգու այցելուները կկարողանան տեսնել նաև ցուցադրվող նոր մի քանի կենդանատեսակ, որոնք նախկինում չեն ցուցադրվել:
Շաբաթ, կիրակի և տոն օրերին մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող Կենդանաբանական այգու կանգառից դեպի այգի և հետադարձ ուղղությամբ գործում է անվճար ավտոբուսային երթուղի, որի չվացուցակին կարելի է ծանոթանալ Կենդանաբանական այգու կայքէջից և սոցիալական էջերից:
***
Հունիսի 1-ին, ի դեպ, Կենդանաբանական այգում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Նշենք, որ մինչև 15 տարեկան երեխաների մուտքն այդ օրը կլինի անվճար:
***
Ընթացքում են Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման` 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները: Մոնտաժվել է արտաքին լուսավորության ցանցը, ինչպես նաև կառուցվել են ջրամատակարարման, հեղեղատար և կոյուղատար համակարգերը: Մեկնարկել է ամֆիթատրոնի շինարարությունը։
***
Հասարակական տրանսպորտի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Երևանում մշակվել էր հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գծերի մեկ ամբողջական երթուղի, որը մասնակիորեն իրագործվել է։ Այն սկիզբ է առնում Նոր Նորք վարչական շրջանում և պետք է հասնի մինչև Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջան։
***
Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է Երևանի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների շնորհիվ առաջարկվել է երթևեկության սահմանափակում՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Որպես առաջին քայլ՝ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները:
***
Նախատեսվում է նաև փոփոխություն անել Սարյան և Մոսկովյան փողոցներում, որի հետևանքով երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի` Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կկազմակերպվի միակողմ՝ ուղղությունը Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։

Այս և նախատեսվող մյուս փոփոխությունների մանրամասները՝ հետևյալ հղմամբ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել