Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբուժությամբ, ինքնաախտորոշմամբ զբաղվելը հետեւանքներ է առաջացնում. բժիշկ-վարակաբան

Մայիս 26,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիմա այն ժամանակն է, երբ տաք եղանակով պայմանավորված կարող են բարձրանալ հիվանդացության ցուցանիշները, չի բացառվում, որ կարող են նաեւ առաջանալ բռնկումներ, եթե չպահպանենք որոշ պարզ կանոններ» ,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ անդրադառնալով աղիքային վարակիչ հիվանդությունների հնարավոր ռիսկերին։

Ռոմելլա Աբովյան

«2024թ ամառվա ժամանակահատվածում արձանագրվել է սննդի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում, որից 2-ը հանրային սննդի կազմակերպություններում՝ հենց Երեւան քաղաքում, մնացածը՝ մարզերում: Բռնկման պատճառ է հանդիսացել սննդի պահման, պահպանման կանոնների խախտումը, ինչը բերել է նրան, որ սննդամթերքը ենթարկվել է երկրորդային աղտոտման, եւ մենք ունեցել ենք այս բռնկումները: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունները փոխանցվում են մի շարք գործոններով՝ սննդի, ջրի, ձեռքերի միջոցով եւ բռնկման պատճառ հանդիսացող երկրորդային աղտոտման հետեւանքով»,-նշեց Ռոմելլա Աբովյանը:

Նա կոչ արեց սննդատեսակները գնել խանութներից, իսկ արագ փչացող սննդամթերքները՝ կաթը-կաթնամթերքը, միս-մսամթերքը, կրեմային հրուշակեղենը անպայման վերցնել սառնարաններից: Կարեւորեց նաեւ սննդամթերքի պատրաստման կանոնները:

Հայկ Հարությունյան

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանը նշեց, որ ճիշտ ժամանակին բժշկի դիմելու դեպքում հնարավոր է ոչ միայն կանխել աղիքային հիվանդությունների առաջացումը, այլեւ հիվանդության ծանր դեպքերը: «Հունվար ամսից մինչեւ հիմա արձանագրված ստացիոնար հոսպիտալացման ենթակա բոլոր դեպքերի մեծ մասը պայմանավորված է ուշ դիմելիությամբ: Գրեթե բոլոր դեպքերը հայտնվում են հիվանդանոցում առանց առաջնային բուժօգնություն ստանալու, կամ որ ավելի վատ է՝ սխալ բուժօգնություն ցույց տալուց հետո»:

Բժիշկ-վարակաբանը պարզաբանեց, որ լուծը ոչ միայն աղիքային ինֆեկցիաների ժամանակ է դիտվում, այլեւ մի շարք այլ հիվանդությունների, այլ օրգան համակարգերի հետ կապված խնդիրների դեպքում, ու այդ տարբերությունը կարող է պարզել միայն մասնագետը:

«Ինքնաբուժությամբ, ինքնաախտորոշմամբ զբաղվելը միշտ իր հետեւանքներն առաջացնում եւ դրսեւորվում է հիվանդության բարձր բարդացած ձեւերով»,-ընդգծեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031