Նախագծով առաջարկվում է ընդլայնել պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպությունների շրջանակը, սահմանել վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ առավել հրապարակային եւ թափանցիկ պայմաններ՝ գործընթացում պարտադիր դարձնելով հանրային հսկողության մեխանիզմի կիրառումը:
««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 26-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից՝ պայմանով, որ վերջիններս եւս իրենց կարիքների համար կատարվող գնումները կկատարեն «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներով:
Կառավարությունը նաեւ սահմանում է, որ նման ընկերությունների ցանկը կհաստատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա:
Կարդացեք նաև
Զեկուցողի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացի թափանցիկության ու արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով գնումների համակարգում առկա խնդիրներին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախաձեռնության հեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ առաջակվում է եւս երեք տարով երկարաձգել մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացված եկամուտը եկամտային հարկից ազատելու արտոնության ժամկետը:
Նշվել է, որ օրենքը տարածվելու է նաեւ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: «Այն ընկերությունները, որոնք մինչեւ այս օրենքի ընդունումը թողարկումներ են կատարել, նույնպես կկարողանան օգտվել նախատեսվող արտոնությունից»,- ընդգծել է հեղինակը:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշ փոփոխություններ:
ԱԺ