«Փաստինֆո». ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության գլխավոր վարչության շենքից 590,000 ԱՄՆ դոլար գողանալու գործով 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը և ևս մեկ անձ կալանավորվել են։
ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Չարագործը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։ Ընդ որում, անձը գործել է բավական զգուշավոր, անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում աշխատել է չթողնել հետքեր, անգամ միզելն իրականացրել է հատուկ տարայի մեջ, որը հետը եւս դուրս է տարել:
Հատկանշական է, որ սա գողության առաջին փորձը չի եղել, դեկտեմբեր ամսին ևս փորձել են գողանալ չհրկիզվող պահարանում պահվող 590,000 ԱՄՆ դոլարը, որը եղել է շենքի վեցերորդ հարկում պահվող միակ գումարը, ինչի մասին իմացել են բոլոր քննիչները։
Կարդացեք նաև
Ի վերջո, «Փաստինֆո»-ի հրապարակումներից և բարձրացված աղմուկից հետո ՀԿԿ-ն հաստատեց մեր տեղեկությունները՝ գողության և ձերբակալությունների մասին։
Մենք հայտնել էինք, որ ձերբակալվածներից մեկը 5-րդ վարչության պետն է։ Ավելի ուշ ձերբակալվել է նաև գողությունը կատարած անձը, իսկ խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված 590,000 դոլարի մի մասը։
Իզաբել Սահակյան