Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն ժողովրդավարական ընտրություններով ժողովրդավարական երկիր դառնալ չես կարող։ Պետք է հանրության վստահությունն ունենաս»․ Արին Կարապետ

Մայիս 26,2025 16:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ձեր առաջ դրված է մի քարտեզ, որը Խաղաղության խաչմերուկի տեսլականն է, ռազմավարությունը և Հայաստանի հանձնառությունը։ Մեր կառավարությունը հանդես է եկել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությամբ՝ որպես իրական խաղաղության և ապագային միտված նախաձեռնություն»,-դիմելով «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի մասնակիցներին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Խաղաղության խաչմերուկի խորհրդարանական չափումը. ժողովրդավարության միջոցով դեպի անվտանգություն և բարեկեցություն» խորագրով քննարկման ժամանակ տարբեր երկրներից Հայաստան ժամանած դիվանագետներ քննարկեցին, թե ինչպես կարող է խորհրդարանական դիվանագիտությունը օգնել խաղաղության հաստատմանն ու հակամարտությունների լուծմանը։ Նրանք իրենց ելույթներում շեշտեցին անվտանգության և բարեկեցության կապը։

Սարգիս Խանդանյան

Բացման խոսքում Սարգիս Խանդանյանը շեշտեց՝ աշխարհագրությունը ճակատագիր չէ․ «Տարիներ շարունակ մեր տարածաշրջանը բնութագրվել է որպես անկայուն, այն աստիճանի պառակտված, որ հնարավորություն չի եղել համագործակցելու, այն աստիճանի փխրուն, ինչը թույլ չի տվել աճելու և բարգավաճելու։ Մեզ տարիներ շարունակ ասել են, որ մեր սահմանները վտանգներ ու ռիսկեր են ստեղծում, բայց ոչ թե հնարավորություններ։ Սակայն մենք այս նարատիվը չենք ընդունում։ Մենք դիտարկում ենք Հայաստանի աշխարհագրական դիրքը ոչ թե որպես բեռ, այլ որպես հնարավորություն և ռազմավարական առավելություն»։

Սարգիս Խանդանյանը վստահեցրեց՝ որքան փոխկապակցված են երկրները, այնքան անվտանգ են․ «Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, այլ մարդկային փոխհամագործակցությունը, բիզնես համագործակցությունը, հաղորդակցության ուղիները, երկաթուղիները միայն ենթակառուցվածքներ չեն, այլ դրանք համագործակցության ուղիներն են»։

Պավել Ֆիշեր

Չեխիայի Սենատի Միջազգային հարաբերությունների և պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերն ընդգծեց անվտանգության և բարեկեցության միջև կապը․ «Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս հանգամանքին, քանի որ առանց անվտանգության չի կարող լինել զարգացում և աճ։ Մենք ուզում ենք ավելին իմանալ ձեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին։ Պատրաստ ենք ձեզ աջակցել և օգնել հաղթահարել մարտահրավերները»։

Զդենկո Կոսիկ

Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Զդենկո Կոսիկն էլ նկատեց․ «Այսօր ժողովրդավարության բոլոր սահմանումներն ունեն մեկ անուն՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Էնդրյու Ռոզենդալ

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդրյու Ռոզենդալը հիշեց՝ վերջին անգամ Հայաստանում եղել է 1995-ին և նշեց՝ նկատելի է, թե ինչպիսի մեծ զարգացում է ապրել երկիրը․ «Հպարտ հայ ազգն ունի հազարամյակների պատմություն։ Մենք այժմ ականատեսն ենք այն փաստի, թե ինչպես է Հայաստանը դարձել ինքնիշխան և անկախ պետություն։ Ես սա հպարտությամբ եմ ասում»։

Արին Կարապետ

Շվեդիայի խորհրդարանի ազգությամբ հայ անդամ Արին Կարապետն էլ փաստելով, որ Շվեդիան խաղաղության միջնորդ է եղել տարբեր հակամարտություններում՝ ոչ միայն Եվրոպայում, այլև Կորեայում, Սուդանում, Իսրայելում, Պաղեստինում, նշեց «Երբ նայում ենք Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի անցյալին, ապա հիսուն տարի առաջ ոչ մեկը չէր կարող մտածել, որ երկու երկրները առևտուր կանեն, մարդիկ կամուսնանան, կրթություն ստանալու նպատակով կգնան այս երկրներ»։

Խոսելով ժողովրդավարության մասին՝ Արին Կարապետը հայտարարեց․ «Միայն ժողովրդավարական ընտրություններով ժողովրդավարական երկիր դառնալ չես կարող։ Պետք է հանրության վստահությունն ունենաս»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031