Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը և Ղրղզստանի խորհրդարանի նախագահը անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարներին

Մայիս 26,2025 18:17

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է ղրղզական պատվիրակության այցը Հայաստան, շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և քաղաքական երկխոսության առաջմղման համար:

Նախագահը շեշտել է, որ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան առանձնահատուկ կարևորություն է ստանում այն համատեքստում, որ 2002 թվականից ի վեր առաջին նման բարձր մակարդակի ներկայացուցչական այցելությունն է, որին նախորդել էին երկու երկրների Արտաքին գործերի նախարարների փոխայցելությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը զուգահեռ, Հայաստանը և Ղրղզստանը նախաձեռնողական կլինեն բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների ակտիվացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ վստահ է իր գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման համար:

Հանդիպմանը կողմերը կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության դերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Ընդգծվել է երկկողմ փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հիմնված փոխվստահության, փոխշահավետ գործընկերության և համատեղ նախաձեռնությունների վրա։

Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր հարթակ։ Կողմերը կարևորել են օրենսդիր մարմինների միջև փորձի փոխանակման, մշտական երկխոսության և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Երկուստեք ընդգծվել է կառուցողական երկխոսության, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և խաղաղ կարգավորման մեխանիզմների կիրառման դերը՝ որպես կայունության և հարատև խաղաղության հասնելու առանցքային պայման ողջ տարածաշրջանի համար:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031