Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Երկու երկրների ԱԳ նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի շրջանակում երկու երկրների պետական այրերի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի ունեցավ ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը՝ ի նշան երախտագիտության և Մուսա Լեռան հերոսամարտի 110 ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ծովակալի հարազատները: Նշենք, որ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն 1915 թ. Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավել մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:
Կարդացեք նաև
ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշեց, որ այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ: Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց, հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին: Ավելի քան 13 տարվա դադարից հետո Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացնում ենք Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողը և տեղադրում նրա հուշատախտակը: Դարթիժ դյու Ֆուռնեն լսելով բացառապես իր խղճի ձայնը, ցեղասպանվելուց փրկեց 4092 հայի, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց, որ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի երրորդ նվագախմբի նավաստիներին, որոնք նրա հրամանատարությամբ, փրկեցին ավելի քան 4000 հայի կյանք: Միաժամանակ հիշում ենք նաև Մուսա Լեռան հայերին, որոնք 1915 թ. Օսմանյան կայսրությունում գործադրված բռնագաղթի փոխարեն ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել:
ՀՀ ԱԳ նախարարն էլ իր խոսքում նշեց, որի իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց գործունեությունը, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ վտանգելով իրենց կյանքը օգնության ձեռք են մեկնել հայերին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ