Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում կայացավ «Բոլորով» փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման

Մայիս 26,2025 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիլիջան, 26 մայիսի 2025թ.։ Դիլիջանի «Թուֆենկյան» համալիրում մայիսի 25-ին տեղի ունեցավ «Բոլորով» փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման, որի հիմքը դրվել է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։

Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից կազմակերպված փառատոնը հագեցած էր բազմաբովանդակ մշակութային ծրագրով՝ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, «Նեքսուս» երաժշտական խմբի կատարումներ, գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն և նվեր-քարտերի խաղարկություն։

Փառատոնը մեկնարկեց համընդհանուր աղոթքով՝ ուղղված Բաքվում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին, իսկ փառատոնի ընթացքում գոյացած ողջ հասույթն ուղղվեց Դիլիջանի նոր եկեղեցու շինարարական աշխատանքների աջակցմանը։

«Սա նշանակալի իրադարձություն է ցույց տալու մեր միասնականությունն ու երախտագիտությունը։ Արդեն կիսով չափ կառուցված նոր սրբավայրը կոչված է առանցքային դեր խաղալու Դիլիջան քաղաքի հոգևոր և մշակութային կյանքում։ Երկարատև սպասումից հետո դիլիջանցիներն ականատես են լինում այս կարևոր խորհրդանիշի կերտմանն ու վերածննդին՝ ի շնորհիվ Ռուբեն Վարդանյանի: Այս օրը հատկանշական է նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ. պարոն Վարդանյանի տարեդարձն է, ով բոլորիս հայտնի պատճառներով գտնվում է անազատության մեջ։ Այս օրը նաև փոքրիկ հնարավորություն է հայտնելու նրան մեր երախտագիտությունը այս տարիների ընթացքում մեր քաղաքում դրական փոփոխություններ և նորարարական նախաձեռնություններ իրականացնելու համար»,- նշեց Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն իր ելույթում նշեց. «Մեր այսօրվա աղոթքը նվիրված է Ռուբեն Վարդանյանին՝ խորին հույսով ու երազանքով, որ իր հաջորդ ծննդյան օրը նա մեզ հետ կլինի։ Նրա նախաձեռնությամբ կառուցվող եկեղեցին Դիլիջան քաղաքի՝ սուրբ տաճար ունենալու երազանքի իրագործումն է, և մեր խորին ցանկությունն է, որ նրա հաջորդ ծննդյան տոնակատարությունը նշենք հենց այդ սրբազան տաճարի պատերի ներքո՝ նրա հետ միասին»:

Փառատոնի առանցքային նախաձեռնություններից մեկը «Միասնության փազլ»-ն էր՝ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի կողմից նախագծված ապագա եկեղեցու էսքիզով: Փազլի յուրաքանչյուր կտոր (20,000 դրամ արժողությամբ) ոչ միայն ֆինանսական աջակցություն էր, այլ նաև խորհրդանշական մասնակցություն՝ ուղղված եկեղեցու կառուցման համընդհանուր նպատակին: 24 կտորից բաղկացած փազլը կցուցադրվի Դիլիջանի հանրային տարածքներից մեկում՝ որպես համայնքային միասնության խորհրդանիշ:

«Բոլորով» փառատոնին մասնակցություն ունեցան ինչպես Դիլիջանի բնակիչները, այնպես էլ քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները՝ միավորվելով մեկ նպատակի շուրջ և իրենց ներդրումն ունենալով կարևոր նախաձեռնության իրականացման գործում։

Ցանկացողները կարող են եկեղեցու կառուցմանը աջակցել՝ նվիրատվություն կատարելով Bolorov.am հարթակի միջոցով։

 

***

 

Դիլիջանի համայնքային կենտրոնի մասին

 

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հիմնադրվել է 2014 թ․ բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ Կենտրոնի նպատակն է ձևավորել գիտելիքահեն, մասնակցային, ներառական և ակտիվ համայնք՝ իրականացնելով Դիլիջանի բարեկեցությանն ուղղված նախաձեռնություններ։ ԴՀԿ-ի գործունեության առանցքում է բոլոր տարիքային խմբերի համար հավասար կրթական հնարավորությունների ստեղծումը, համայնքի ավանդույթների և Դիլիջանի պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև համագործակցային նախագծերի և համայնքային միջոցառումների միջոցով ուժեղ և կենսունակ համայնքի ձևավորումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031