Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը՝ պետության գործադիր բարձրագույն մարմինը, հանձնառու է կազմակերպել խաղաղության միջազգային ֆորում՝ հանգուցալուծելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայկական բնակչության միջեւ դեռեւս չլուծված հակամարտությունը։ Այս մասին մայիսի 26-ին հրապարակել է «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը», որը փորձելու է նպաստել Արցախ հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։
Հրապարակված սկզբունքների տեքստում նշվում է․
«Թիվ 24.4259 բանաձեւը նշում է, որ իր (կառավարության – խմբ․) լիազորությունն է «խթանել բաց երկխոսություն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ներկայացուցիչների միջեւ՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակություն ունեցող դերակատարների ներկայությամբ, որպեսզի քննարկվի պատմականորեն այնտեղ բնակվող հայկական բնակչության անվտանգ եւ համախմբված վերադարձը»։
Տասնամյակներ շարունակվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հանգեցրել է բռնության, տեղահանության եւ էթնիկ ու կրոնական հալածանքների ողբերգական հետեւանքների։ Այն նաեւ խոչընդոտել է տնտեսական զարգացումը ընդլայնված տարածաշրջանում, որը ձգվում է Եվրոպայից մինչեւ Արեւելյան Ասիա, եւ նպաստել է աշխարհաքաղաքական անկայունությանը մի գոտում, որտեղ բախվում են Արեւմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերը։
Կարդացեք նաև
Շվեյցարիայի չեզոքության եւ միջնորդության բազմամյա ավանդույթը նրան յուրահատուկ կերպով որակավորում է՝ խթանելու հուսալի եւ կայուն խաղաղության գործընթաց, որը գերակայություն կտա մարդկային անվտանգությանը եւ տեղահանվածների համար արդարությանը։
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) առաջարկում է հնարավոր մեխանիզմներ, որոնց միջոցով Շվեյցարիան եւ այլ անդամ պետությունները կարող են աջակցել «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը»։
Մենք՝ ներքոստորագրյալներս, սատարում ենք այս նախաձեռնությանը Շվեյցարիայում եւ արտերկրում, եւ այս կերպ նպաստում ենք խաղաղ լուծման լայն հիմքի ստեղծմանը»։
Հանձնախումբը միջկուսակցական է եւ կազմված 19 պատգամավորներից։ Այսօր այն մեկնարկում է իր գործունեությունը։
Օսկանյանը Շվեյցարիայում է
Այս կապակցությամբ մայրաքաղաք Բեռն մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որն այժմ համակարգում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքները, ֆեյսբուքյան գրառմամբ վերահաստատել է, որ հանձնախմբի գործունեության արդյունքում Շվեյցարիայի խորհրդարանի կայացրած որոշումը կատարման պարտադիր իրավական ուժ է ունենալու կառավարության համար։
Համատեքստ
Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։
Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։
Այդ կապակցությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ընդգծել էր՝ բանաձեւն, ըստ էության, օրենքի ուժ է ստացել, քանի որ ընդունվել է Դաշնային Ժողովի երկու պալատների կողմից։
Երկրորդ զուգահեռ նախաձեռնությունը
Զուգահեռաբար, Շվեյցարիայի մայրաքաղաքում մեկնարկում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու ծրագրած համաժողովը՝ նվիրված Արցախում հայկական ժառանգության պաշտպանության հրամայականին։ Համաժողովին մասնակցելու համար Բեռն է մեկնել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ