Շիրակի մարզի 17 բնակավայր ունեցող Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ, մասնագիտությամբ հոգեբան-սոցիալական աշխատող Հասմիկ Զատիկյանը օրերս Aravot.am-ի հետ զրույցում ցավով նշել էր, որ Անիում կան ծերացող ու դատարկվող գյուղեր, որոնք կտրված են շրջկենտրոն Մարալիկից․ երիտասարդները լքում են, գնում են մեծ քաղաքներ կրթություն ստանում ու չեն վերադառնում։ Շատ դեպքերում, ըստ ավագանու անդամի, համայնքում կադրային սով է առաջանում, երիտասարդի մասնագիտական ներուժը չի ներդրվում համայնքում։
Նա որպես դատարկվող գյուղերի օրինակ մեջբերել էր Անիպեմզան, որը գտնվում է Երերույքի տաճարի մոտ, Անի կայարանը, Աղինը, Սարակապը։
Ավագանու անդամը Անի պատմական մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով կամ Նոր Շեն սահմանամերձ դատարկված գյուղի մասին էլ առանձնակի հուզմունքով է խոսում՝ մի պահ լռելով ու հազիվ զսպելով արցունքները։ Հասմիկ Զատիկյանը զրույցի ընթացքում մտովի տեղափոխվում է Խարկով՝ հայրական տուն, որի հետ կապված են իր մանկության ջերմ հուշերը։
Կարդացեք նաև
«Իմ հայրը ծնունդով Խարկովից է, մենք այնտեղ հայրական տուն ունենք, որը կիսափուլ վիճակում է, բայց ժամանակ առ ժամանակ ես ու եղբայրս գնում ենք՝ մեր տանը հանդիպելու։ Խարկովում նաև շիրիմիներ ունենք թողած, Խարկովը մենք նաև Նոր Շեն ենք անվանում։ Իմ տատիկի հայրը Խարկովի եկեղեցու քահանան է եղել, շարական է երգել։
Իրենք վերաբնակեցվել են Շիրակավան գյուղում, բայց տատիկիս հայացքը միշտ դեպի Խարկովն էր, կարոտով մահացավ՝ Խարկովի կարոտով, իր տան կարոտով, իր բաղ ու բաղչայի կարոտով, իր ձեռքով տնկած ծառի կարոտով։
Շիրակավանում շատերը Խարկովից վերաբնակեցվածներ են, բոլորի մոտ այդ կարոտը կա։ Եթե այցելեք Շիրակավան, 10 ընտանիքից մեկը Խարկովից է։
Շատերը սահմանն հատում, գնում են Խարկով, որ հեռվից տեսնեն Անի մայրաքաղաքը՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» կարգախոսով, չեն էլ պատկերացնում՝ ինչ հզոր էներգետիկա ունի Խարկովը։Գնում ես գյուղ, կիսափուլ տների քարերին ես նստում ու էներգիա ես ստանում, կյանքով լցվում, ուղղակի այսօր դժվարացել է մուտքն ու ելքը։
Գյուղի դատարկման շատ պատճառներ կան, շատ ցավալի է, որ գյուղերը դատարկվում են»,-ասում է մեր զրուցակիցը։
Մեր հարցին՝ կգա՞ այդ ժամանակը, որ Խարկովը կվերաբնակեցվի, Հասմիկ Զատիկյանը պատասխանում է․ «Մեծ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ծերացող ու դատարկվող գյուղ վերաբնակեցվի։
Արդեն ասել եմ, որ մեր համայնքում այդպիսի գյուղեր կան՝ Անի կայարանն է, Անիպեմզան, գյուղում ընդամենը 13 աշակերտ կա։ Ցավ է․ գյուղը սահմանամերձ է, գնում, տեսնում ես, կյանքը մեռած է․ չէ՞ որ այնտեղ ապրող երեխաներն էլ իրավունք ունեն օգտվել երիտասարդական կյանքից, զվարճանքներից, բայց եթե գյուղն ունի 13 աշակերտ, այս փաստն ամեն ինչի մասին խոսում է։ Չկան նախակրթարաններ, այո՛, գյուղերը դատարկվում են, և մենք այսօրվանից, այս պահից պիտի ձեռնամուխ լինենք իրենց համայնքում առաջին օղակը ստեղծելուն, որպեսզի կանխենք գյուղերի ծերացումը»։
Հիշեցնենք, որ Խարկովի միակ բնակչուհին՝ Վահանդուխտ Մելքոնյանն արդեն 89 տարեկան է։ Նա, թուրքական յաթաղանից փրկված սկեսրոջ պատգամը պահելով, շարունակում է շունչ տալ Խարկովին, զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նա երդվել է մինչև կյանքի վերջ մնալ սիրելի գյուղում։
«Հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»,-պատգամել էր սկեսուրը։
Գյուղը թեև Անիի խոշորացված համայնքի կազմում է, բայց այնտեղ մուտք գործելու համար անցաթուղթ է պետք: Այն, ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, հսկում են ռուս սահմանապահները:
Ամեն անգամ ժամերով անցակետի մոտ սպասելը, ստուգումներ անցնելը, թույլտվություն ստանալը այնքան էին հոգնեցրել բնակիչներին, որ վերջիններս ճարահատյալ լքել էին սեփական գյուղը: Գյուղի ամայացմանը նպաստել էր նաև դպրոցի 4-ամյա դառնալը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խարկովի լուսանկարները՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից:
Հասմիկ Զատիկյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից: